Արցախը երբևէ քաղաքացիական ինքնաթիռներ չի խոցելու. Դավիթ Բաբայանը՝ Բաքու-Անկարա չվերթի մասին


19:00 , 13 հունիս, 2017
Artsakhpress-ը գրում է.
Ըստ մամուլի տեղեկությունների՝ Ստամբուլից Բաքու թռչող «Turkish Airlines» ավիաընկերության Airbus A321-231 ինքնաթիռը, որը կատարում է TK334 /THY3RF չվերթը, անցնում է Արցախի օդային տարածքով:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի հանրապետության նախագահի մամլո  քարտուղար Դավիթ Բաբայանն ասել է, որ Արցախը, ի տարբերություն Ադրբեջանի, ահաբեկչական պետություն չէ. Արցախի օդային տարածքով  բազմաթիվ միջազգային չվերթներ են իրականացվում:

«Նախ՝  մենք Ադրբեջան չենք, որ խոցենք քաղաքացիական ինքնաթիռներ. դա մեր էությանը  խորթ է:  Երկրորդ՝ եթե այդպիսի չվերթ է իրականացվում, դա ցույց է տալիս Ադրբեջանի քարոզչության ողջ  կեղծ լինելը: Մի կողմից նրանք հորդորում են, որ Արցախի օդային տարածքով ոչ մի չվերթ չլինի, մյուս կողմից այդ նույն տարածքով իրականացնում են տարբեր միջազգային չվերթներ. փաստորեն Ադրբեջանն ինքն իրեն հակասում է: Թող աշխարհը տեսնի, թե ինչ տարբերություն կա մեր և Ադրբեջանի պես բարբարոս, ֆաշիստական պետությունների  միջև»,- ասել  է  Դ. Բաբայանը:

ԱՀ նախագահի մամլո քարտուղարի խոսքով՝ Արցախը երբևէ քաղաքացիական ինքնաթիռներ չի խոցելու, քանի որ դա դեմ է նրա որդեգրած արժեհամակարգին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։