Կանխարգելիչ միջոցառումներ ցրտահարությունների դեմ


16:31 , 25 մարտ, 2013

Հանրապետության ցածրադիր գոտում ծիրանենիների զանգվածային ծաղկումը համընկել է գարնանային ցրտահարությունների հետ: Հաշվի առնելով հնարավոր վտանգը՝ երեկ ողջ օրը ՀՀ գյուղատնտեսության նախարարության համապատասխան ծառայություններն ու մասնագետները` նախարար Սերգո Կարապետյանի և փոխնախարարների գլխավորությամբ, եղել են Արարատի և Արմավիրի մարզերում, խորհրդատվական հանդիպումներ ունեցել համայնքների ղեկավարների և այգետերերի հետ:
Հնարավոր կորուստները նվազագույնի հասցնելու նպատակով խորհուրդ է տրվում այգիների հարակից հատվածներում, քամու ուղղությամբ, օգտագործելով բուսական կիսաչոր մնացորդները, ստեղծել կայուն ծխածածկույթ: Հատկապես մեծ է ցրտահարության վտանգն առավոտյան ժամը չորսից յոթն ընկած ժամանակահատվածում:
Նախնական տվյալներով՝ վտանգի գոտում հայտնված տարածքների մեծ մասում, հաշվի առնելովմասնագետների հորդորները, ողջ գիշեր իրականացվել են համապատասխան աշխատանքներ: Մասնագետների կարծիքով, կայուն ծխածածկույթի ապահովումը ճիշտ և ժամանակին իրականացումը մեծապես կրճատում է կորուստների հավանականությունը:
Ըստ օթերևութաբանների՝ այս գիշեր ևս ցրտահարման վտանգ կա: Ուստի խնդրում ենք այգետերերին ուշադրությամբ հետևել գիշերային ջերմաստիճանների տատանումներին և անհրաժեշտության դեպքում այգիներում շարունակել կայուն ծխածածկույթի ստեղծումը: