Կառավարությունը քննարկում է Դիտակի մանկապարտեզին 4 միլիոն դրամ հատկացնելու հարցը


21:12 , 25 ապրիլ, 2017
Hеtq.am-ը գրում է.
 Դիտակի մանկապարտեզի վերագործարկման համար 4 միլիոն դրամ համաֆինանսավորում տրամադրելու հարցը կառավարությունը քննարկում է։

Այս մասին մեր գրությանն ի պատասխան հայտնել են տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից։

Այն դիտարկմանը, թե մանկապարտեզը փակվել է կառավարության կողմից չֆինանսավորման պատճառով, նախարարությունից պարզաբանել են, որ 2016-ին հատկացված 11 միլիոն դրամ սուբսիդավորումը նախատեսված է եղել մանկապարտեզի գույքի ձեռքբերման և աշխատողների աշխատավարձերի վճարման նպատակով։ Իսկ բարեգործական ծրագրի միջնորդ «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ին և համայնքի ղեկավար Սուրեն Սրապոյանին կառավարությունից նախապես տեղյակ են պահել, որ իրենց աջակցությունը մեկանգամյա է, և մանկապարտեզի հետագա շահագործման համար պետությունը որևէ պարտավորություն չունի, քանի որ մանկապարտեզը համայնքային ենթակայության կառույց է, դրա սպասարկումը համայնքի պարտավորությունն է։

Սակայն, ինչպես տեղեկանում ենք նախարարության մեզ ուղարկված գրությունից, ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը և ՀԿ-ն վարչապետին դիմումներ են ներկայացրել, որոնց հիման վրա ուսումնասիրվել է Դիտակ համայնքի ֆինանասավորման հարցը, և պարզվել է, որ 2017 թվականի համար մանկապարտեզի ծախսերը կկազմեն 12 միլիոն դրամ, իսկ ապրիլ-նոյեմբեր ամիսների համար՝ մոտ 10 միլիոն դրամ։

Նախարարությունը ուսումնասիրել է համայնքի ֆինանսական հնարավորությունները և հարցը քննարկելով համայնքի ղեկավարի հետ` եզրակացրել, որ այդ ծախսերից մոտ 6 միլիոն դրամ ֆինանսավորումը համայնքը կարող է կատարել իր բյուջեից, իսկ կառավարությունը մոտ 4 միլիոն դրամ աջակցություն է առաջարկել։ Համայնքի ղեկավար Սուրեն Սրապոյանը համաձայնվել է այս առաջարկին, և այժմ կառավարության աշխատակազմում քննարկվում է 4 միլիոն դրամ համաֆինանսավորում տրամադրելու հարցը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։