2 տարի անց հրապարակվել է Սեյսուլանի ուղղությամբ դիվերսիա իրականացրած ադրբեջանցու լուսանկարները


06:55 , 19 ապրիլ, 2017

Երբ 2015թ ապրիլի 21-ին մեր Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հաղորդել էր հյուսիսարևելյան (Սեյսուլան) ուղղությամբ թշնամու կողմից իրականացված անհաջող դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձի մասին՝ ցուցադրելով դեպքի վայրում թողնված ռազմամթերքը, արյան բազմաթիվ հետքերն ու բժշկական ասեղները, թշնամու քարոզչամեքենան իսկույն հերքել էր դա և ավելին՝ ադրբեջանական լրատվամիջոցները ապատեղեկատվություն էին տարածում, թե իբր հայկական կողմը այդ օրը ունեցել է 10 զոհ։
Դեպքից երկու տարի անց հրապարակվեց վիրավորներից մեկի՝ հատուկ նշանակության ուժերի ենթասպա Նատիգ Մեհդիևի (Natiq Mehdiyev) լուսանկարները։
Լուսանկարներից երևում է, թե ինչպիսի դիմադրության են հանդիպել թշնամու դիվերսիոն-հետախուզական խմբի անդամները։
Պարզվել է նաև, որ Մեհդիևը ծառայում էր մեկ տարի անց Թալիշի ուղղությամբ ոչնչացված գնդապետ Վուգար Յուսիֆովի հրամանատարության ներքո։