Հայաստանն ու Ռուսաստանը երբեք չեն եղել բարիկադների տարբեր կողմերում. Էդվարդ Նալբանդյան


12:12 , 3 ապրիլ, 2017

Artsakhpress.am-ը գրում է.

Այսօր նշանակալի օր է. 25 տարի առաջ` 1992 թվականի ապրիլի 3-ին, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ:

Այս առնչությամբ «Независимая газета»-ում հոդված է հրապարակել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Մենք՝ իմ ռուս գործընկեր և իմ ընկեր Սերգեյ Լավրովի հետ փետրվարին Մոսկվայում բացեցինք արխիվային փաստաթղթերի ֆոտոցուցահանդես: Սա նախատեսված միջոցառումներից առաջինն է` նվիրված այս նշանակալի իրադարձությանը: Հաստատված դիվանագիտական հարաբերությունները բացեցին նոր էջ երկու եղբայրական ժողովուրդների համար: Մենք, եթե կարելի է այդպես արտահայտվել, երբեք չենք եղել բարիկադների տարբեր կողմերում: Պատմության ընթացքում մեր հայրերը, պապերը մեկ անգամ չէ, որ միասին պատերազմել են»,-նշել է Էդվարդ Նալբանդյանը:

ՀՀ արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ այսօր հայ-ռուսական դաշնակցային, ռազմավարական գործընկերությունը համագործակցության օրինակելի մոդել է, այն հետխորհրդային տարածքում հաջողվածներից մեկն է: Ամենաբարձր մակարդակով ապահովվում է երկու երկրների ինտենսիվ քաղաքական երկխոսություն, վերջին 10 տարվա ընթացքում կայացել է երկու երկրների ղեկավարների 100-ից ավելի հանդիպում: Իրականացվում է արդյունավետ համակարգված աշխատանք արտաքին քաղաքական հարթակներում` ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակում:

Առկա է սերտ փոխգործակցություն անվտանգության ոլորտում, ինտենսիվ կապի մեջ են երկու երկրների կառավարությունները, խորհրդարանները և այլ կառույցները:

«Ռուսաստանը կարևոր առևտրատնտեսական գործընկեր է, կարևոր շուկա է Հայաստանից արտահանվող ապրանքների համար: Ռուսական ներդրումներն անցել են 3 մլրդ դոլարի շեմը, Հայաստանում գործում են երկու հազարից ավելի ռուսական կապիտալով ընկերություններ: Երկու երկրների հարաբերությունները հաջողությամբ զարգանում են էներգետիկայի ոլորտում: Ստորագրվել է տնտեսական համագործակցության երկարաժամկետ ծրագիր: Տնտեսական զարգացման համար հավելյալ հնարավորություններ ստեղծեց ԵԱՏՄ-ին Հայաստանի միանալը»,-գրել է նա` ընդգծելով, որ երկու երկրների հարաբերությունների ամրապնդման գործում մեծ ներդրում ունի Ռուսաստանում առկա մեծաթիվ հայ համայնքը:

Նախարարը բարձր է գնահատել Ռուսաստանի ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում համանախագահ երկրի կարգավիճակով: Հենց Ռուսաստանի ջանքերի շնորհիվ 1994 թվականի մայիսի 12-ին Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվեց հրադադարի մասին պայմանագիր: Դա կողմերին հնարավորություն տվեց անցում կատարել հակամարտության քաղաքական կարգավորման փուլ: Նախարարը նշել է, որ չնայած այդ պայմանագրի իրականացման գործընթացը խափանելուԱդրբեջանի քայլերին, այդ թվում՝ նախորդ տարվա ապրիլին ձեռնարկած լայնածավալ պատերազմական գործողություններին, Հայաստանը, Ռուսաստանի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հետ շարունակում է ջանքեր գործադրել` ուղղված իրավիճակի կայունացմանը, ստեղծելով պայմաններ բանակցային գործընթացը առաջ տանելու համար, նպատակ ունենալով կոնֆլիկտը կարգավորել բացառապես խաղաղ ճանապարհով:

«Երկու երկրների ղեկավարների համատեղ հայտարարություններով՝ ընդունված մարտին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Մոսկվա կատարած պաշտոնական այցի ընթացքում, ընդգծվում է Հայաստանի և Ռուսաստանի միջև 25 տարվա դիվանագիտական հարաբերությունների նշանակալիությունը: Կողմերը հաստատել են ձգտումը` ուղղված դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդմանը, որը համապատասխանում է Ռուսաստանի և Հայաստանի արմատական շահերին և ձգտումներին»,-ասել է Էդվարդ Նալբանդյանը: