Ռումինիայի ԱԳ նախարարն ընդգծել է ՖՄԿ-ի շրջանակներում Հայաստանի հաջողությունները


00:42 , 28 մարտ, 2017
Times.am-ը գրում է.
 Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը մարտի 27-ին հանդիպել է Ռումինիայի ԱԳ նախարար Թեոդոր Մելեշկանուի հետ: Հանդիպման սկզբում դեսպան Գասպարյանը նախարարին է փոխանցել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի բարեկամական ողջույնները: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Զրույցի ընթացքում երկուստեք պատրաստակամություն հայտնվեց խորացնել կապերը բոլոր հնարավոր ոլորտներում` շեշտը դնելով պաշտոնական փոխշփումների ակտիվացման միջոցով քաղաքական երկխոսության ծավալման, առևտրատնտեսական կապերի ընդլայնման, միջխորհրդարանական կապերի աշխուժացման, գիտակրթական և մշակութային ծրագրերի խթանման, ապակենտրոնացված մակարդակով համագործակցության զարգացման վրա, որոնց համար նպաստավոր պայմաններ կարող է ընձեռել վերջերս նախաստորագրված Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրը:
 Նախարար Թեոդոր Մելեշկանուն գոհունակությամբ նշեց միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխադարձ աջակցության փաստը, ինչպես նաև ընդծգեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում Հայաստանի հաջողությունները:
 Նախարար Մելեշկանուն և դեսպան Գասպարյանը քննարկեցին հայ-ռումինական ընթացիկ օրակարգի մի շարք հարցեր:
 Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությանը, ինչպես նաև մերձավորարևելյան ճգնաժամին և դրա քաղաքական ու հումանիտար հետևանքների հաղթահարմանը»: