Slaq.am-ը գրում է.
Մի խումբ ստամբուլահայեր բաց նամակ են հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին` խնդրելով միջամտել Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանի գործունեությանն ու ապահովել նրա հրաժարականը: Հայ համայնքի մի շարք ականավոր գործիչներ շարադրել են Թուրքիայի հայության բոլոր մտահոգություններն Արամ Աթեշյանի փոխպատրիարքության ու նրա կողմից վերջին 8 տարիների ընթացքում համայնքի համար ստեղծած բազմաթիվ խնդիրների վերաբերյալ:
Նամակը ստորագրել են հայ համայնքի մի շարք մտավորականներ, հասարակական և քաղաքական գործիչներ ու գործարարներ՝ Տիգրան Ալթունը, Կարո Գաբրիելյանը, Ադամ Սարգիսը, Նվարդ Բաքըրօղլուն, Էլիզաբեթ Փեյնիրջին, Նազարեթ Բինալթըն, Արփինե Չիզմեջյանը, այլք:
Նամակը ներկայացնում ենք ստորև.
«Թուրքիայի հայերի պատրիարքի աթոռը դատարկ է շուրջ 8 տարի:
Որպես պատճառաբանություն իշխանությունների գործոնն առաջ բերելով` պատրիարքի ընտրությունները տարիներ շարունակ հետաձգվել են:
Մենք ժամանակին այս իրավիճակը ձեզ հաղորդել և ներկայացրել ենք 5 000 ստորագրությամբ նամակում։
Այս 8 տարվա ընթացքում արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, որը պատրիարքի փոխանորդի իր պաշտոնը ստացել է պետության միջամտությամբ և մեր եկեղեցական ավանդույթներին չհամապատասխանող ձևով, անպատասխանատու կերպով օգտագործել է այդ իրավասությունները. իրավասություններ, որոնք մեր ժողովրդի կողմից նրան երբևէ չեն տրվել:
Առաջնորդական հմտություններից զուրկ Արամ Աթեշյանն արհամարհել է նաև 1915-ին մեր մարդկային կորուստներն ու դրանով իսկ վերք է բացել Թուրքիայի հայության սրտերում, որոնք այդ ցավը տարել են իրենց հոգիներում և ամեն առիթի բարձրաձայնել այդ մասին:
Մեր միակ մխիթարությունն այն է, որ չնայած նրա այս զիջողական դիրքորոշմանը` մենք Թուրքիայի տարբեր քաղաքներում դեռ կարողանում ենք ապրիլի 24-ին իրականացնել հիշատակի արարողություններ:
Պատրիարքարանը, որը կոչված է լուծելու մեր խնդիրները, վերածվեց խնդիրներ ստեղծող կառույցի:
Հոգևորականներն Աթեշյանի ճնշումներին չկարողացան դիմադրել, իսկ ոմանք էլ դարձան նրա մեղսակիցը:
Դրա հետևանքով մեր համայնքի և եկեղեցու միջև եղած կապն էականորեն թուլացավ: Առանց հովիվ մնացած մեր համայնքն օր օրի «հյուծվում է»: Ի վերջո, մարդկանց համբերությունը սպառվել է, և վերջիններս արդեն բողոքի ցույցեր են անում պատրիարքարանի դռների առաջ:
Այսօր բազմաթիվ փորձություններից հետո նոր պատրիարքի ընտրության ճանապարհը բացված է: Մենք գիտենք, որ ոմանք ջանք չեն խնայում այս ընտրությունները խափանելու համար, սակայն այժմ ավելի քան երբևէ վճռական ենք այդ ընտրությունները կազմակերպելու հարցում:
Պետք չէ մոռանալ, որ ընտրվելիք պատրիարքը ոչ միայն մեր եկեղեցու ղեկավարն է լինելու, այլև Թուրքիա պետության առաջ Թուրքիայի հայերին ներկայացնող անձը:
Ձեզանից խնդրում ենք հանուն մեր համայնքում արդար և թափանցիկ ընտրությունների կայացման, ճնշում գործադրելով Արամ Աթեշյանի անձնական հավակնությունների վրա, նրա հրաժարականն ապահովել ու մեր եկեղեցու հոգևորականներին օբյեկտիվ պատրիարքի տեղապահ ընտրելու ճանապարհը ցույց տալ:
Մեր մտահոգություններն ու խնդիրները լուծելու Ձեր պատրաստակամությունը մեզ ուժ է տվել, հարգարժան կաթողիկոս:
Այս հայտարարությունը գրի է առնվել Թուրքիայի հայության ճնշող մեծամասնության զգացմունքները փոխանցելու նպատակով»:
Հիշեցնենք, որ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը կոմայի մեջ է գտնվում 2008թ.-ից և փաստացի չի գործում որպես պատրիարք: Նրա փոխարեն այդ լիազորությունները կատարում է արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, որն ընտրված է ոչ թե համայնքի, այլ պետության կողմից:
Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչները տևական ժամանակ է՝ պահանջում էին կայացնել նոր ընտրությունների անցկացման որոշումը՝ ցանկանալով իրենց առաջնորդի դերում տեսնել ոչ թե պետության կողմից նշանակված, այլ իրենց ձայների արդյունքում ընտրված անձի: