Ներդրումային նոր շունչը


16:28 , 14 փետրվար, 2017
Картинки по запросу տնտեսականՏնտեսական առումով 2017 թվականը խոստանում է լինել վերջին տարիների ամենաակտիվ տարին և տնտեսական լուրջ ակտիվության START-ը: Դեռ օրեր առաջ վարչապետը նշել էր, որ հավաքագրվել է մոտ 341 իրատեսական ծրագիր` շուրջ 3,2 մլրդ ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով: Իրականացման մեկնարկը տրվում է այս տարի: 2017 թվականին հնարավոր է իրագործել 850 մլն ԱՄՆ դոլար ընդանուր արժեքով ծրագրեր: Նման տնտեսական ակտիվությունը կապված է կառավարություն-հասարակություն-բիզնես ոլորտ արդյունավետ համագործակցությամբ: Համապատասխան հարթակներ ստեղծելով` կառավարությունը հասարակության հետ համագործակցության նոր մշակույթ է ձևավորել: Մարզային այցեր, ոլորտային հանդիպումներ, ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ստեղծում, կառավարության ոլորտային պատասխանատուների հետ մշտական հետադարձ կապ: Հենց այս ամենը իրագործելու շնորհիվ են հավաքագրվել նման ռեկորդային արժեք ունեցող ներդրումային ծրագրեր:
850 մլն դոլարի ներդրումային ծրագրերի իրագործումը կբերի հազարավոր նոր աշխատատեղերի ստեղծմանը, ծառայությունների որակի բարձրացմանը, մարզային ներդրումները ՝ մարզերի հստակ զարգացմանը: Որպես օրինակ կարելի է նշել Շիրակի մարզը: Այնտեղ նախատեսվող ծրագրերի իրականացումը հնարավորություն կտա Գյումրին կրկին ոտքի բարձրացնելու: Ստեղծվում է նոր գործարան, Գյումրիի պատմական կենտրոնում կստեղծվեն արվեստների, արհեստների, ժամանցի կենտրոններ, կյանքի կկոչվեն տարբեր բիզնես ծրագրեր, զբոսաշրջիկների համար կստեղծվեն հրապուրիչ պայմաններ, հետիոտնի համար՝ ակտիվ միջավայր: Բիզնեսի համար առանձնացվելու է 7 հազար 700 քմ տարածք՝ տարբեր գաղափարներ կյանքի կոչելու նպատակով: Համաձայնվեք, սրանք իրոք տրամադրություն փոխող ծրագրեր են:
Բացի այդ՝ 341 ծրագրից կառավարությունում այս պահին քննարկվում է ևս 79 ներդրումային ծրագիր՝ 5,3 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ: Այդ ծրագրերի շուրջ արդեն կան նախնական պայմանավորվածություններ: Նման տեմպերը պահպանելով՝ մեր քաղաքացիները շատ շուտով և՛ կտեսնեն, և՛ կզգան սպասվող փոփոխությունները: