Երևանի թիվ 1-ին հիվանդանոցը


00:20 , 9 նոյեմբեր, 2016

1880-ականների սկզբին Երևանում եռանդուն գործունեություն է ծավալում քաղաքային բժիշկ Լևոն Տիգրանյանը։ Նրա ջանքերով քաղաքային գործադիր մարմնում (ուպռավա) ստեղծվում է առողջապահական մշտական հանձնաժողով, որին հանձնարարվում է զբաղվել Երևանում սանիտարական և առողջապահական պայմանների բարելավմամբ։ Լ. Տիգրանյանի նախաձեռնությամբ 1881 թ. սկսվում է նաև հրատարակվել «Առողջապահական թերթ» ամսագիրը։
1894-ին Երևանում հիմնադրվում է քաղաքային առաջին կլինիկական հիվանդանոցը, որը սկզբում տեղակայված է եղել Բյուզանդի փողոցում (շենքը չի պահպանվել): 1910-ականների սկզբին Աստաֆյան (Աբովյան) փողոցի վերջնամասում կառուցվում է հիվանդանոցի՝ ներկայումս էլ կանգուն շենքը (լուսանկարի վրա), որի ճարտարապետն էր թիֆլիսաբնակ ճարտարապետ Պ. Զուրաբյանը (հետագայում ավելացվել է երրորդ հարկը): Հետաքրքիր է, որ 1908 թ. հիվանդանոցի այդ շենքի կառուցման համար հողահատկացումը կատարել է Երևանում «Շուստով» կոնյակի արտադրության ընկերությունը՝ անհատույց նվիրաբերելով այդ տարածքը քաղաքային իշխանություններին: