Մայր Աթոռը 500 հազար դոլար է փոխանցել Արցախին


19:12 , 6 սեպտեմբեր, 2016

Hetq.am-ը գրում է.

Արցախում գումարված Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովն սկսել է իր աշխատանքը: Ժողովը տեղի է ունենում Ստեփանակերտում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ։  

«Արցախ աշխարհ այս այցը ուխտագնացություն է մեզ համար․մի հող, ուր ամփոփված են մեր նախնյաց հիշատակները, որտեղ գտնվում են բազում սրբավայրեր։ Եկել ենք մեր խոնարհումը բերելու, ծնրադրելու նվիրական այդ սրբավայրերում և մեր աղոթքն առ Աստված բարձրացնելու Արցախի ապահովության և արցախահայության բարօր կյանքի համար»,-ասել է Գարեգին Բ Հայրապետը՝ ընդգծելով, որ Հայոց Եկեղեցին իր աշխարհասփյուռ թեմերով ու համայնքներով միշտ եղել և մնում է արցախահայության կողքին, աջակից և զորակից Արցախին՝ իր արդար իրավունքների պաշտպանության գործում։

Այս կապակցությամբ կաթողիկոսը տեղեկացրել է, որ այցի առիթով Ս․ Էջմիածնի և Ամենայն Հայոց Կաթողիկոսության թեմերի անունից Մայր Աթոռը վերստին 500 հազար ԱՄՆ դոլար գումար է փոխանցում Արցախին արցախահայության կարիքների համար։

Անդրադառնալով ժողովի օրակարգին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշել է, որ քննարկվելիք խնդիրները մեծ կարևորություն ունեն Հայոց Եկեղեցու ժողովական կառույցների գործունեության կանոնակարգման, Եկեղեցու առաքելության արդյունավետ կազմակերպման և առաջընթացի համար։

Եռօրյա ժողովի ընթացքում կքննարկվեն Ազգային-եկեղեցական ժողովի, Գերագույն հոգևոր խորհրդի կանոնադրությունների մշակման, Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի կանոնադրության լրամշակման ընթացքին վերաբերող հարցեր, կներկայացվեն զեկույցներ եկեղեցական կառույցների և թեմերի գործունեության առնչությամբ։