Սուրբ գիրքն ամեն օր. 8 օգոստոս 2016թ.


10:40 , 8 օգոստոս, 2016

Հիսուսը դարձյալ գնաց Գալիլեայի լճի եզերքը։ Ամբողջ ժողովուրդը նրա մոտ էր գալիս, իսկ նա ուսուցանում էր նրանց։ Մինչ նա գնում էր, տեսավ Ալփեոսի որդի Ղևիին, որը նստած մաքս էր գանձում, և ասաց նրան.
-Հետևի՛ր ինձ։
Ղևին ելավ և հետևեց նրան։ Ապա Հիսուսը ճաշի նստեց նրա տանը, որտեղ կային նաև բազում մաքսավորներ և մեղավորներ, որոնք Հիսուսի և նրա աշակերտների հետ սեղան էին նստել, որովհետև շատերն էին հետևում նրան։ Օրենքի ուսուցիչներն ու փարիսեցիները երբ տեսան, որ Հիսուսը մաքսավորների և մեղավորների հետ է ճաշում, նրա աշակերտներին ասացին.
-Ինչո՞ւ է նա մեղավորների և մաքսավորների հետ ուտում ու խմում։
Հիսուսը երբ լսեց այս, ասաց նրանց.
-Առողջնե՛րը չեն, որ բժշկի կարիք ունեն, այլ հիվանդները։ Ես չեկա արդարներին կանչելու, այլ մեղավորներին։
Հովհաննեսի աշակերտները և փարիսեցիներն ինչ-որ առիթով ծոմ էին պահում. ոմանք եկան և Հիսուսին հարցրին.
-Ինչո՞ւ Հովհաննեսի աշակերտները և փարիսեցիները ծոմ են պահում, իսկ քո աշակերտները չեն պահում։
Հիսուսը նրանց պատասխանեց.
-Կարո՞ղ եք հարսանիք հրավիրվածներին ասել, որ ծոմ պահեն, երբ փեսան տակավին իրենց հետ է։ Այնքան ժամանակ, քանի դեռ փեսան իրենց հետ է, մի՞թե կարելի է ծոմ պահել։ Կգա ժամանակ, երբ փեսան կվերցվի իրենցից, և ապա իրենք էլ ծոմ կպահեն։
(Մարկոսի ավետարան 2:13-20)