Yerkirmedia.am–ը գրում է.
Չիլիի խորհրդարանի ստորին պալատը մայիսի 18-ին պատմական բանաձեւ է ընդունել, որով դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ: Այս փաստաթղթով Չիլին դառնում է առաջին երկիրը, որը ներկայացուցչական մակարդակով նման որոշում է կայացնում։
Մի խումբ պատգամավորների ներկայացրած չորս կետանոց բանաձեւն անցել է միաձայն։
Բանաձևի տեքստում մասնավորապես ասվում է.
«Ապրիլի 1-2-ի գիշերը Ադրբեջանի օդային և ցամաքային ուժերը լայնամասշտաբ հարձակում իրականացրին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ սահմանագծում` ծանր հրետանու և վերջին սերնդի հրթիռների կիրառմամբ:
Վերոնշյալ ագրեսիան 1994 թվականին կնքված զինադադարի, ինչպես նաև վեճերի խաղաղ լուծման վերաբերյալ ՄԱԿ-ի նորմերի ամենակոպիտ խախտումն է:
Բռնության այս նոր սրման կապակցությամբ, որը հանգեցրել է քաղաքացիական և զինվորական մեծ կորուստների, Պատգամավորների պալատը դատապարտում է այս ագրեսիան, կոչ անում ռազմական գործողությունների դադարեցման և խաղաղ բանակցությունների շարունակության` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:
Միջազգային հանրությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը համարում են, որ հակամարտությունը, որն արդեն ավելի քան երկու տասնամյակ շարունակվում է, պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով, ինչպես նաև միջազգային իրավունքի նորմերի և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հարգման միջոցով:
Կոչ է անում Ադրբեջանի Հանրապետությանը վերահաստատել խաղաղության իր հանձնառությունը, անմիջապես դադարեցնել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ պատերազմական գործողությունները և խստորեն պահպանել 1994 թվականին կողմերի միջև ձեռք բերված զինադադարը:
Կոչ է անում Չիլիի կառավարությանը կողմերին հորդորել հավատարիմ մնալ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում ընթացող բանակցություններին և այդպիսով խուսափել տարածաշրջանում անդառնալի հետևանքների հանգեցնող պատերազմի բռնկումից»:
Նախագծի հեղինակներից մեկը՝ հայ-չիլիական խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Գուստավո Հասբուն Զելումը Prensa-Armenia հայկական գործակալությանը հայտնել է, որ խորհրդարանի վրա մեծ ճնշում էր գործադրում Չիլիում Թուրքիայի դեսպան Նաջիյե Գյոսե Քայան։ Սակայն, ըստ չիլիացի պատգամավորի, Ներկայացուցիչների պալատն անկախ մարմին է եւ թույլ չի տա արտաքին միջամտությունները։
Խորհրդարանի որոշումը ողջունել է ՀՅ Դաշնակցության Հարավային Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչ Ալֆոնսո Թաբաքյանը, որը շեշտել է, որ սա պաշտոնական մակարդակով առաջին դեպքն է, երբ ագրեսիայի հասցեատերը հստակ նշվում է։