Հենրի Դեյվիդ Թորո - Ուոլդեն կամ կյանքն անտառում


14:13 , 17 հունվար, 2013

 

   Հենրի Դեյվիդ Թորոն (1817-1862) ամերիկացի գրող է, մտածող, հասարակական գործիչ և նատուրալիստ: 1845-1847թթ.-ին Թորոն առանձնության մեջ ապրում էր Ուոլդենյան անտառում իր ձեռքով կառուցած խրճիթում, սեփական ուժերով հայթայթելով կյանքի համար անհրաժեշտ ամեն ինչ: Հասարակությունից առանձնանալու իր այս փորձի մասին Թորոն գրել է 1854թ.-ին՝ «Ուոլդեն կամ կյանքն անտառում» գրքում: Վախճանվել է 45 տարեկան հասակում, տուբերկուլյոզից: Ստորև բերում եմ հիշյալ գրքի արժեքավոր մի դրվագի թարգմանությունը:
   «Ես հեռացա անտառ, որ ապրեմ գիտակից կյանքով, հաշվի նստելու համար միայն կենսական կարևորագույն իրողությունների հետ, փորձելու ինչ-որ բան սովորել կյանքից, որպեսզի իմ վախճանին չպարզվեր, որ ես բնավ չեմ ապրել...
  Ես չէի ցանկանում չափազանց թանկագին կյանքի տեղակ ապրել կեղծիքով, դեմ էի նաև ինքնահրաժարմանը, եթե չկա դրա ծայրահեղ անհրաժեշտությունը: Ես տենչում էի սուզվել կյանքի բուն իմաստի մեջ և հասնել միջուկին, ապրել սպարտայական պարզությամբ՝ արմատախիլ անելով կյանքից այն ամենն, ինչ չի ներկայացնում իրական կյանքը, հանել այն ծածկող կեղևը՝ հանգեցնելով պարզագույն մոդելի: Եթե պարզվեր, որ կյանքը չնչին ու անարժան է, ինչ արած, ուրեմն ես կճանաչեի նրա ոչնչությունը և կշեփորեի ողջ աշխարհին, իսկ եթե այն լցված լիներ վսեմ իմաստով՝ նպատակ ունեի իմ փորձառությամբ ճանաչելու այն և հաջորդ ստեղծագործությանս մեջ ճշմարտապես պատմելու այդ մասին:
   Մարդկանց մեծամասնությունը, կարծում եմ, տարօրինակ կերպով անհստակ կարծիք ունի կյանքի վերաբերյալ, չգիտեն՝ համարել այն պարգև Աստծո՞ւց, թե՞ սատանայից, և շտապողականությամբ եզրակացնում են, որ երկրի վրա մեր ապրելու գլխավոր նպատակը «Աստծուն փառաբանելն ու հավետ նրանով ցնծալն է»: Մինչդեռ մենք ապրում ենք խղճուկ, մրջնային կյանքով, թեև առասպելի համաձայն՝ վաղուց է ինչ մարդկանց ենք վերածված (ծան. հին հունական առասպելի համաձայն՝ մարդկանցից դատարկված երկրում Զևսը նորից ստեղծել է մարդկանց, այս անգամ մրջյուններից), վայրենիների պես մարտնչում ենք կռունկների դեմ (ծան. վերցված է «Իլիական»-ից), գործում ենք սխալ սխալի ետևից, կուտակում ենք մեր աշխատավարձը և անգամ առաքինությունը դրսևորում ենք երկրորդական կամ անէական պարագաներում: Մենք պարզապես մսխում ենք մեր կյանքը... Ազնիվ մարդուն դժվար թե հարկավոր լինի համրել իր տասը մատներից այն կողմ, ծայրահեղ անհրաժեշտության դեպքում կարելի է ավելացնել ոտքերի մատները, դրանից ավելին հաշվելու ոչինչ չկա: Պարզությո՜ւն, պարզությո՜ւն, պարզությո՜ւն... Ձեր հարյուրավոր կամ հազարավոր զբաղմունքները կրճատեք՝ երկուսի կամ երեքի հասցնելով, միլիոնի փոխարեն հաշվեք մինչև տասը և համրեք ձեռքի ափով: Քաղաքակրթված այս կյանքի հորձանուտում այնքան ամպեր, շանթեր ու խութեր կան, որ նավահանգիստ հասնել ցանկացող մարդուն հաշվարկելու մեծ կարողություն է պետք չսուզվելու համար: Պարզեցրե՛ք ուրեմն հաշվարկները... Օրվա ընթացքում երեք անգամ սնվելու փոխարեն, եթե պետք է՝ սնվեք մեկ անգամ, տարատեսակ հարյուրավոր խորտիկների փոխարեն բավարարվեք հինգով՝ համեմատական կերպով կրճատելով ամեն բան:
   Մենք շտապում ենք ապրել, բայց իրականում արժեքավոր աշխատանք չենք կատարում: Ետճաշյա կարճատև նինջից սթափվելով՝ վեր ենք թռչում և հարցնում ենք՝ «Ի՞նչ նորություն կա», կարծես թե մարդկության կյանքում լուրջ փոփոխություն կարող էր տեղի ունեցած լինել այդ ժամանակամիջոցում: Փիլիսոփայի համար նմանօրինակ «նորությունները» ոչ այլ ինչ են, եթե ոչ՝ բամբասանք: Ժամանակը գետ է, որի մեջ ես նետում եմ իմ կարթը, ես ջուր եմ խմում նրա միջից և միևնույն ժամանակ նկատում եմ ավազով ծածկված հատակը և համոզվում, որ այն ծանծաղ է: Այս ճապաղ առուն հոսում-անցնում է, բայց մնում է հավիտենությունը: Ես տենչում էի ըմպել խորունկ ակունքներից, ցանկանում էի նետել իմ կարթը դեպի երկինք, որի հատակը քարերի տեղակ ծածկված է աստղերով: Ես միշտ էլ ցավ եմ ապրել, որ այնքան իմաստուն չեմ, ինչպիսին եղել եմ աշխարհ գալուս օրը, բայց մարդու ուղեղը սուր ածելի է, որը գտնում է դեպի երևույթների ծպտյալ իմաստն ընկած ուղին: Ես չեմ ցանկանում աշխատել ձեռքերով ավելին, քան իրոք անհրաժեշտ է: Իմ գլխում կան և՛ ձեռքեր, և՛ ոտքեր: Ես զգում եմ, որ այստեղ են կենտրոնացած իմ բոլոր ունակությունները: Բնազդը հուշում է ինձ, որ սա մի օրգան է, որը նախատեսված է փորելու համար, ինչպես խոփը կամ որոշ կենդանիների առջևի թաթերը: Եվ ես կուզենայի մխրճվել այս բլուրների մեջ, ինձ թվում է, որ մերձակայքում հարուստ հանք կա, հենց այստեղ է, որ ես կսկսեմ փորել...
Կարդացե՛ք ողջ գիրքը. ՌուսերենԱնգլերեն