Հայաստանի քաղաքական համակարգի փոփոխությունները 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ


14:15 , 17 մարտ, 2016
Սահմանադրության հանրաքվեցից հետո երկրի քաղաքական կյանքում սկսվեցին էական տեղաշարժեր գրանցվել, որոնք, մեծ հավանականությամ, տեղի չէին ունենա նախորդ սահմանադրության պայմաններում և, հետևաբար, պայմանավորված են ոչ թե անցյալում, այլ ապագայում սպասվող քաղաքական և համապետական մի շարք գործընթացներով, որոնցից են, անկասկած, գալիք խորհրդարանական և նախագահական ընտրությունները: Կարելի է փաստել, որ մոտակա երկու տարվա ընթացքում Հայաստանի քաղաքական կյանքում քիչ թե շատ էական և ազդեցիկ փոփոխությունների մեծ մասը, եթե ոչ բոլորը, պայմանավորվելու են հենց ընտրություններով և դրանց հետ կապված քաղաքական «անցուդարձով»:
Միևնույն ժամանակ քաղաքական համակարգը փոխվում է ոչ միայն այսպես ասած կառուցվածքային տեսակետից՝ կապված քաղաքական կոալիցիաների և նոր ստեղծվող կուսակցությունների հետ, այլև փոխվում է քաղաքական հիմնական դիսկուրսը: Եթե նախկինում և այսօր քաղաքական օրակարգի հարցերի մեջ մեծ տեղ էին զբաղեցնում, օրինակ, Հայաստան-ԵՏՄ-ԵՄ փոխհարաբերության, Հայաստան-ՌԴ համագործակցության հարցերը, ապա նոր ձևավորվող քաղաքական համակարգի կենտրոնական թեմաները շատ ավելի նեղ ու տեղային են լինելու՝ կապված ներկա և նախորդ նախագահների՝ իրար համապատասխանող կամ հակասող հավակնությունների, նոր ստեղծվող կուսակցությունների տեղի ու դերի և հարակից հարցերի հետ:
Այս բոլոր խնդիրները լուծվելու են հետևյալ մեխանիզմներով՝ իշխանության հետ կոալիցիա կազմելու կամ այլ կերպ համագործակցելու, ընդդիմադիր ուժերի միավորվելու, դեռ չկողմնորոշված կամ այլընտրանքային քաղաքական կառույցների հետ բանակցությունների և նորաստեղծ կուսակցությունների տեղն ու դերը քաղաքական նոր ձևակերպվող համակարգում հստակեցնելու միջոցով: Առավել ևս, որ այդ մասին նշեց նաև ՀՀ Նախագահը սահմանադրական փոփոխությունների կենսագործմանը նվիրված ելույթում. «Քաղաքական համակարգը կբարեփոխվի և կբարելավվի քաղաքական միավորումների մրցակցության շնորհիվ՝ պայմանով, որ լինի միջկուսակցական կոնսենսուս արտաքին քաղաքականության ռազմավարական սկզբունքների, սոցիալական կայունության, ազգային անվտանգության, սահմանադրական համակարգի հիմնարար դրույթների և ինքնիշխանության պահպանման, քաղաքացու իրավունքների և ազատությունների պաշտպանության, ինքնակազմակերպման և ինքնակառավարման բոլոր ձևերի գոյության շուրջ»: (Հղում)
Դրա մասին է վկայում նաև քաղաքական կյանքում արդեն տեղի ունեցած և բավականին անսպասելի՝ ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության մասին որոշումը, որի նախաձեռնողը, մեծ հավանականությամբ, ոչ թե ՀՅԴ-էր, այլ հենց ՀՀԿ-ն, որը, ինչպես և մյուս բոլոր քաղաքական ուժերը, խորհրդարանական գալիք ընտրություններում էական դերակատարում ունենալու հավակնություն ունի, ինչը, թերևս, դժվար, եթե ոչ անհնար է իրականացնել միայնակ՝ հաշվի առնելով արդեն հայտնի և նոր բացվող կուսակցությունների և քաղաքական դաշինքների՝ «Հայկական Վերածնունդ», ՀԱԿ, ԲՀԿ և այլն, դեռ անհայտ և, հետևաբար, անկանխատեսելի դերակատարումը: