Ավիատոմսերի գներն իջել են 10-50 %-ով


10:51 , 25 դեկտեմբեր, 2015
Հայաստանի կողմից որդեգրած «Բաց երկինք» քաղաքականությունը շարունակում է տալ իր արդյունքները:
Հաջորդ տարվա փետրվարից սպասվում է, որ Քաթարական ավիաընկերության կողմից կգործարկվի Դոհա-Երևան չվերթը: Բացի այդ, քննարկվում է նաև Երևան-Հռոմ չվերթ իրականացնելու տարբերակը:
Նման հետաքրքրությունն արտասահմանյան ավիաընկերությունների կողմից կապված է մեր ավիաշուկայի բավական գրավիչ լինելու հետ: Այս տարվա ընթացքում Հայաստանը մասնակցել է երեք միջազգային ավիացիոն ցուցահանդեսի, որոնք ուղղված են եղել բաց երկնքի քաղաքականության խթանմանը:
Այս տարվա ընթացքում Հայաստան մուտք գործեց Հունական «Էգեյան ավիաուղիներ» ընկերությունը: Սպասվում է, որ հաջորդ տարեսկբից հայկական շուկա կվերադառնա լեհական «LOT» ավիաընկերությունը: Ինչ վերաբերում է բավականին քննարկված «Չեխական ավիաուղիներ» ընկերությանը, ապա արդեն մի քանի օր է, ինչ թռիչքները մեկնարկել են:

«Բաց երկինք» քաղաքականության շնորհիվ իջել են նաև ավիատոմսերի գները: Նվազումը տարբեր ուղղություններով կազմել է 10-50 %: