Փարիզի ահաբեկչությունն արդեն իր որոշակի ազդեցությունն է թողնում միջազգային իրավիճակի վրա


21:38 , 16 նոյեմբեր, 2015

Չկա չարիք՝ առանց բարիքի

Փարիզի ահբեկչությունն, որն աննախադեպ էր իր ծավալով ու նաև հերևանքներով՝ արդեն իր որոշակի ազդեցությունն է թողնում միջազգային իրավիճակի վրա:
Վերջին օրերին՝ Արևմուտքի ու Ռուսաստանի առաջնորդների խոսքում քիչ է փոխադարձ անտագոնիզմը ու ավելի շատ շեշտադրում է կատարվում ահաբեկչության դեմ համատեղ պայքարելու անհրաժեշտության մասին:
Ասվածի լավագույն ապացույցն այն պայմանավորվածություններն են, որ Սիրիայի հարցով երեկ ձեռք են բերվել Վիեննայում: ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ համաձայնություն է ձեռք բերվել, որպեսզի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի և ընդդիմության միջև բանակցություններ սկսվեն ժամանակավոր կառավարություն ձևավորելու շուրջ: Քերրին նշել է, որ Ասադի և ընդդիմության բանակցությունները, որոնք միտված են վերջ դնելու երկրում արդեն շուրջ չորս տարի ծավալված քաղաքացիական պատերազմին, կսկսվեն հունվարի 1-ից: Նրա փոխանցմամբ, համաձայնության գալու դեպքում 6 ամսվա ընթացքում նոր Սահմանադրություն պետք է ընդունվի, իսկ 18 ամսում՝ ազատ և անկախ ընտրություններ անցկացվեն:
Եթե նկատեցիք, Վաշինգտոնը նախկինի նման նախապայման չի դնում, որպեսզի բանակցային գործընթացը հաջորդի Ասադի հրաժարականին, ասել է թե՝ Սիրայի գործող նախագահին համարում է բանակցային սուբյեկտ, իսկ գուցե նաև՝ նոր իշխանության ձևավորման մասնակից: 
Մյուս կողմից՝ Ռուսաստանը դադարեցրել է՝ անվերապահորեն Ասադին սատարելու քաղաքականությունը՝ չբացառելով, որ մեկնարկելիք բանակցությունները կարող են հանգեցնել նաև Սիրայի գործող նախագահի հեռացմանը:
Արդյո՞ք Ռուսաստան-Արևմուտք առճակատումը տեղը զիջում է պրագմատիկ դիալոգին, ինչ էլ, իր հերթին, կհանգեցնի աշխարհում առկա մի շարք հակամարտությունների կարգավորմանը, թե՞ այս ամենը Փարիզի ահաբեկչության ժամանակավոր դրսևորումներն են: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները կտա միայն ժամանակը: