Հարությունյանի երեկվա հայտարարությունն ընդդիմությանը զրկեց քարոզչական կարևոր հնարքից


17:24 , 13 նոյեմբեր, 2015

Անպաշտոն Սերժ Սարգսյանը

Սահմանադրական փոփոխությունների պատրաստման արշալույսին Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե 2018թ-ից հետո չի պատրաստվում կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում կամ դառնալ վարչապետ: Նախարար Դավիթ Հարությունյանը երեկ հավելեց, որ գործող նախագահը չի զբաղեցնի նաև ԱԺ նախագահի պաշտոնը: Մի խոսքով, 2018-ից հետո Սերժ Սարգսյանը պետական պաշտոնյա չի լինելու:
Մանավանդ Հարությունյանի երեկվա հայտարարությունն ընդդիմությանը զրկեց քարոզչական կարևոր հնարքից. ՈՉ-ի կողմնակիցներն այլևս չեն կարող անկաշկանդ հայտարարել, թե սահմանադրական փոփոխությունները նպատակ ունեն վերարտադրել Սարգսյանի անձնական իշխանությունը: Իշխանություն առանց պետական կարգավիճակի չի լինում:
Էդուարդ Շարմազանովն էլ երեկ հայտարարեց, որ երկար տարիներ Սարգսյանն առաջնորդելու է ՀՀԿ-ն: Այս հայտարարությունն էլ ուղղված էր իշխանական էլիտային ու այն ուղերձն էր պարունակում, որ Սարգսյանը ոչ մի տեղ էլ չի գնում, իսկ բոլոր հարցերն որոշվելու են Մելիք-Ադամյան փողոցում: Անկեղծ ասած, ընդդիմությունը չի կարող շահարկել այն հանգամանքը, թե ինչու է Սարգսյանը մնում ՀՀԿ նախագահի պաշտոնում, եթե նույնիսկ դա ենթադրի երկրի փաստացի ղեկավարում: Այդ դեպքում նրանց հեշտ կարող են հակադարձել՝ ասելով, որ հաղթեք խորհրդարանական ընտրություններում ու Սարգսյանին դարձրեք ընդդիմադիր կուսակցության ղեկավար: