Գզվռտոց իշխանության ներսում


23:07 , 9 նոյեմբեր, 2015

Այսօր բյուջետային քննարկումների ժամանակ լեզվակռիվ է եղել ՀՀԿ խմբակցության անդամ Վարդան Այվազյանի ու նախարար Գագիկ Բեգլարյանի միջև: Դժվար թե որևէ մեկը հավատա, որ Այվազյանն ու Բեգլարյանը խորքային լուրջ հակասություններ ունենան տնտեսական կամ բյուջետային քաղաքականության հարցերում: Հայաստանում նման հակասություններ վաղուց չկան անգամ իշխանության և ընդդիմության միջև:
Խոհրդարանական այսօրվա միջադեպն այլ արմատներ ունի, արտացոլում է այն հոգեվիճակը, որում գտնվում են իշխանության ներկայացուցիչները: Սերժ Սարգսյանն, ըստ էության, միայնակ է կայացնում որոշումները, նույնիսկ նրա շրջապատում կատարյալ անորոշություն է. որևէ մեկը չի պատկերացնում, թե նոր սահմանդրությամբ ինչ դերակատարում է ունենալու Սերժ Սարգսյանը, ովքեր են լինելու իշխանության ֆորմալ ու ստվերային տերերը:
Ահա և լարվածության բուն արմատը: Մարդիկ անորոշության մեջ են, ու սկսվել է պայքար, անողոք պայքար՝ արևի տակ տեղ ունենալու համար, որովհետև բոլորը հասկանում են, որ նոր հանգամանքներում գուցե լինեն նոր դասավորություններ, ու փորձում են տեղավորվել իշխանության գծագրվելիք կոնֆիգուրացիայում: