Պուտինի կրկնակի ողբերգությունը


04:23 , 9 նոյեմբեր, 2015

Երբ իմացա, որ Եգիպտոսի օդային տարածքում ռուսական ինքնաթիռ է կործանվել՝ դառնալով 224 մարդու մահվան պատճառ, վշտացա: Դա նորմալ մարդու բնական ռեակցիա է ողբերգությանը, մարդկային կորստին ու տառապանքին:
Մարդկային ճակատագրերի համար ցավ միգուցե ապրել է նաև Վլադիմիր Պուտինը, չնայած դիկտատորներն առաջնորդվում են այլ արժեքներով:
Սակայն Պուտինի ողբերգությունն, ընդ որում՝ կրկնակի, գալու էր հետո, որբ պարզվելու էր, որ տեղի ունեցածը ոչ թե վթար է, այլ՝ ահաբեկչություն:
Պաշտոնական Մոսկվան մինչև վերջին պահն ահաբեկչության վարկածը չէր ընդունում, հիմա էլ ստիպված խոստովանում է այդ փաստն անուղղակի հայտարարություններով, Եգիպտոսից իր քաղաքացիներին դուրս հանելով, տուրիզմի եգիպտական ուղղությունը պետականորեն փակելով: Եթե Պուտինը հրապարակավ ընդունի, որ ռուսական ինքնաթիռը կործանվել է ահաբեկչության հետևանքով, ապա կասկածի տակ է դնում «անպարտելի կայսրության» միֆը, որով նա տարիներ շարունակ «կերակրում» է իր հպատակներին՝ արժանանալով «համազգային հոր» 90%-ոց վարկանիշին:
Սակայն Պուտինի համար ողբերգությունը կրկնակի է, որովհետև ոչ թե ռուսական հատուկ ծառայությունները, այլ «դավադիր Արևմուտքի» համապատասխան մարմինները բացահայտեցին ահաբեկչության վարկածը:
Մի կործանված ինքնաթիռ փուչիկի պես փայթեցնում է «անպարտելի կայսրության» միֆը, ու սա ավելի է ցավեցնում Պուտինին, քան 224 անմեղ քաղաքացիների կորուստը: