Նիկոլն այս պահին առաջնորդվում է ԲԱՑԱՌԱՊԵՍ սեփական շահերն առաջ մղելու մոտիվացիայով


17:05 , 24 հոկտեմբեր, 2015

Մեծ դժվարությամբ մինչև վերջ նայեցի և, ամենակարևորը, լսեցի Նիկոլի հարցազրույցը։ Ի՞նչ հետևություններ արեցի գոնե ինքս ինձ համար։ Հերթով.

1. Նախ՝ Նիկոլն ասում է, որ պատրաստվում են 2017-ի խորհրդարանական ընտրություններին։ Շատ լավ եք անում, բայց դրան դեռ մեկ տարուց ավել ժամանակ կա, իսկ գալիք հանրաքվեին ընդամենը մի ամիս բան ա մնացել, և դրան միանալը ոչ մի կերպ չի կարող խանգարել կամ հետաձգել սեփական կուսակցաշինությանը։

2. Նիկոլը նորից խոսում է այս հանրաքվեն ռեժիմի կողմից կեղծելու մասին։ Դե հա, մենք էլ դա գիտենք, բայց նույն տրամաբանության շրջանակներում նրանք այն կեղծելու են նաև 2017-ի ընտրությունների ժամանակ, ասեմ ավելին՝ այսօրվա հանրաքվեի անցկացումը հենց դրա համար է, որպեսզի հենց 2017-ին ինչքան ուզեն, այդքան խփեն, և այդ ժամանակ, հարգելի՛ Նիկոլ, ոչ ոք թույլ չի տալու ձեզ ստանալ անգամ օրինական քվե։

3. Նիկոլը, չնայած մի շարք արժանիքներին, պոպուլիստական բազմաթիվ դրսևորումներ ունի։ Այո՛, խարիզմատիկ ու բոցաշունչ ելույթներ է ունենում, այո՛, ասում է ճշմարտությունը, այո՛, այդ ամենը շատ էմոցիոնալ է և ազդեցիկ, բոլորիս սրտից, բայց ոչ ավելին։ Այդ խոսքերից գործի անցում չկա, չենք տեսել։ Հիմա կա մի իրավիճակ այդ ամենը ապացուցելու համար, և Նիկոլը ձեռնպահ է մնում այդ պրոցեսներին մասնակցելուց։

Ի՞նչ հետևություն կարելի է անել.
ինձ համար միանշանակ է, որ Նիկոլն այս պահին առաջնորդվում է ԲԱՑԱՌԱՊԵՍ սեփական շահերն առաջ մղելու մոտիվացիայով, ժողովրդի շահ այստեղ բացարձակապես չկա։ Նա վախենում է այս պահին մտնել պայքարի մեջ, քանի որ գիտակցում է, որ մտնելուն պես կդառնա լիդեր, և ամեն ինչ իրենից են սպասելու և ակնկալելու։ Քանի որ վստահ չէ, որ կկարողանա վերջնանպատակին հասցնել այս ամենը, ուստի չի ցանկանում կնքել իր քաղաքական մահկանացուն նախորդների նման և որոշել է սպասել և կողքից նայել։ Այդ ընթացքում բոլոր ընդդիմադիր լիդերները նորից արդյունքի չեն հասնելու, ուստիև 2017-ի շեմին Նիկոլը կլինի միակ «մաքուր մնացած ու դեռ ժողովրդին հուսախաբ չարած» ընդդիմադիր գործիչը Հայաստանում։ նա հույս ունի ձայներ հավաքել և գուցե հավաքի, բայց նրան երբեք ռեժիմը թույլ չի տա հավաքել 8-10%-ից ավել։

Ցավոք, դեռ պոպուլիզմից դեպի իրական քայլեր Նիկոլի կողմից ոչինչ չեմ տեսել։ Ցավոք, այս պահին նա առաջնորդվում է միայն սեփական շահով և ոչ թե ժողովրդի և վարում է խիստ խուսափողական մարտավարություն, ինչը նույնպես նրան պլյուսներ չի բերում, գոնե ինձ համար։ Ընդդիմադիր դաշտում սա այն պատկերն է, որ ունենք, կամ որը ես եմ տեսնում։ Այսքանը...