Շատ տարօրինակ է պատգամավոր տիկնոջ տրամաբանությունը


18:49 , 1 հոկտեմբեր, 2015

Այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարինե Աճեմյանը, խոսելով ընտանեկան բռնության մասին, ասաց բառացիորեն հետևյալը. «Ես սա համարում եմ շատ նուրբ թեմա, մամուլում շատ կարդացել եմ, թե ինչպես է մի փոքր վեճի պատճառով կինը երեխաների հետ հայտնվել կացարանում: Կացարանում իր իրավունքներին այնպես են իրազեկել, որ երկար ժամանակ ընտանիքից դուրս է մնացել: Ես ինքս կին եմ և շատ կարևորում եմ ընտանիքի պահպանությունը... Այո, այն բացառիկ դեպքերը, այ սպանության դեպքերը, որոնք բացառիկ են իրենց դաժանության առումով, պիտի անպայման պատժվեն...»: Ուրեմն փաստորեն կարելի է միջամտել միայն մահվան ելքով դեպքերին, իսկ որ մինչ այդ կինը պարբերաբար ծեծվում է ու խոշտանգվում, դա կարող է լռեցվել ու զոհաբերվել՝ հանուն ընտանիքի պահպանության: Շատ տարօրինակ է պատգամավոր տիկնոջ տրամաբանությունը: