Վանաձորի հոգեվարքը


15:15 , 14 օգոստոս, 2015

Վանաձորը՝ երբեմնի մաքուր, կոկիկ, սաղարթախիտ ու կանաչ Կիրովականն, այսօր իր հոգեվարքն է ապրում: Բացարձակապես ոչինչ չի արվում քաղաքը գեղեցիկ ու պատշաճ տեսքի բերելու ուղղությամբ: Շատերը կհակադարձեն, թե «մարդիկ օրվա հացի խնդիր ունեն, ինչ մի ժամանակ եք գտել նման հարցեր բարձրացնելու», բայց երբ այդպես ասողները կգան Վանաձոր ու տեղում իրենց աչքով կտեսնեն առկա վիճակը, զարմանքից թերևս նրանց մազերը բիզ-բիզ կկանգնեն: Եվ այսպես, ի՞նչ կա անելու Վանաձորում, որ սարսափելի մեծ ծախսերի հետ չի կապված ու չի արվում: Հենց այդպես ՉԻ ԱՐՎՈՒՄ: Օրինակ՝ քաղաքի ամենաբանուկ, մարդաշատ փողոցում՝ Տիգրան Մեծ պողոտայի մայթերի վրա, տեղադրված են ընդամենը 22 աղբամաններ (մյուս փողոցների վրա, կարելի է ասել, գրեթե չկան), բայց ի՞նչ աղբամաններ, պատասխանում եմ. խողովակից կտրված կամ բալոնից հատված, տնային-բակային պայմաններում մի կերպ զոդված տարաներ, որոնք աղոտ կերպով աղբաման են հիշեցնում: Ի՞նչ պիտի անեն քաղաքացիների մեծ մասը՝ աղբաման չգտնելով. ճիշտ է՝ ձեռքի պաղպաղակի թուղթը, ծխախոտի տուփը, պոլիէթիլենային տոպրակը գցելու են մի «ծածուկ» տեղ: 

Կամ. նույն բանուկ, մարդաշատ ու 3-4 դպրոցների ճանապարհին գտնվող ստորգետնյա անցումը ՓԱԿ է, գիտե՞ք, թե ինչու. պատասխանում եմ՝ ՏՐՎԱԾ Է ՎԱՐՁՈՎ՝ օգտագործվում է որպես պահեստ..... Ահավոր հակահիգենիկ վիճակում է գտնվում նաև Վարդանանց փողոցի վրա գտնվող և Սայաթ-Նովայի անվան զբոսայգին (զբոսայգու վիճակն էլ բարվոք չէ) տանող գետնանցումը: Գետնանցումը վերածված է քաղաքային զուգարանի, այնտեղ մտնում են միայն բնական պետքերը հոգալու համար: 
Անխնամ վիճակում են բոլոր փողոցների սիզամարգերը, մի քանի փոքրիկ հատվածներ իբր թե մշակված են Տիգրան Մեծ պողոտայում: Նժդեհի և Վարդանանց փողոցների մայթերն ասֆալտապատվել են, ԲԱՅՑ.... 25-30 տարեկան մեծ ծառերի շուրջը հող չեն թողնվել, որպեսզի ծառերը ջրվեն գոնե անձրևաջրով: Մի քանի տարի հետո ծառը, սնունդ չստանալով, կթուլանա, և մի քիչ ուժեղ քամուց Վանաձորում ականատես կլինենք ծառերի կոտորածի:
Անճաշակ ու անմխիթար վիճակում է նաև քաղաքի ճարտարապետական տեսքը՝ մայթերին տեղադրված են անշուք, դարն ապրած կրպակներ: Ըստ քաղաքաշինության նորմերի՝ բնակելի շենքերի միջև թողնված տարածությունները տրամադրված են անհատների, որոնք անճաշակ ու նույնիսկ կից շենքի ոճի հետ չսազացող շենք-շինություններ են կառուցել:


Քաղաքի ասֆալտածածկույթի սարսափելի վիճակի մասին արդեն հանրապետությունում լեգենդներ են պտտվում: Ունենք ընդամենը 4 քիչ թե շատ նորմալ ասֆալտապատված փողոց՝ Տիգրան Մեծի 2/3-ը, Թումանյան փողոցի 2/3-ը, Երևանյան խճուղու 3/4-ը և Նարեկացի-Բաղրամյան միջպետական նշանակության փողոցը: Քաղաքի ամենամեծ բնակելի զանգվածները (Դիմաց, Բազում) կենտրոնին կապող Աղայան փողոցի վիճակն ամենավատթարն է: Մնացած փողոցներում պարզապես մարգեր են, տարբեր ժամանակներում կատարած երփներանգ կարկատաններ.... Բնականաբար, շենքերի բակերի մասին խոսելն անհարմար է. քաղաքում ասֆալտապատ ու բարեկարգ բակերը մեկ ձեռքի մատների վրա կարելի է հաշվել:


Վանաձորում չկան ժամանակակից թվային լուսացույցեր, նորմալ գծանշումներ և ճանապարհային նշաններ, սակայն վերջերս քննարկվում էր Երևանի օրինակով կարմիր գծերով վճարովի կայանատեղիների հարցը: Քաղաքին անծանոթ վարորդները կամ տրանզիտով անցնող մեծ բեռնատարների վարորդները, օտարերկրյա զբոսաշրջիկները ստիպված են լինում կանգնել ու հարցնել, թե ինչպես կարելի է գնալ Սևան, Դիլիջան, Ալավերդի, Ստեփանավան ու Գյումրի.... Չկան ուղղորդիչ նշաններ: Դա դեռ ոչինչ, իսկ կհավատա՞ք, եթե ասեմ, որ Ստեփանավանի ու Դիլիջանի կողմից ոչ մի ցուցանակ չկա, որ դուք մտել եք Վանաձոր... Չկա և վերջ, տղա ես, գուշակիր, թե որ բնակավայրում ես գտնվում: Մարդ նախանձով է նայում նույնիսկ փոքրիկ գյուղերի մուտքի մոտ կանգնեցված բնակավայրն ազդարարող նշանին (օրինակ՝ Երևանի ճանապարհին Կարբի, Սև քար և այլն): Սպիտակի, Ստեփանավանի նման փոքր քաղաքների մուտքից դեռ 1-2 կմ հեռավորությունից սկսվում է լուսավորված ճանապարհը, իսկ մեզ մոտ մթություն է, խավար, գրեթե 17-րդ դարի վերջը: Այստեղ փողոցների լույսերն անգամ անջատում են գիշերը 24:00-ից հետո, և քաղաքը թաղվում է գիշերվա անթափանց խավարի մեջ.... Երևի էլեկտրաէներգիա են խնայում......
Մինչև վերջերս Վանաձորում խաչմերուկներում ու շենքերի վրա չկային փողոցների անվանումները և համարները, պատկերացնո՞ւմ եք: Խաչմերուկներում այդ արժանահիշատակ գործն իր գովազդի համար կատարեց «Վաննետ» ինտերնետ մատակարար կազմակերպությունը, ասենք նրանց «շնորհակալություն»:
Մեր քաղաքում կան բավականին թվով արձաններ, գեղեցիկ քանդակ-խորհրդանիշներ, և դրանցից ոչ մեկը չի խնամվում, տարածքը հարդարվում, բարեկարգվում, լուսավորվում (բացառություն է կազմում երևի միայն Վազգեն Սարգսյանի կիսանդրին կայարանամերձ հարապարակում) է:
Ափսոս է մեր Լոռվա մայրաքաղաքը, ափսոս է... Սթափվե՛ք, պարոնա՛յք պատասխանատուներ... Եթե իհարկե կարդում եք ու մտահոգվում...