ԻՊ-ը ծրագրում է ահաբեկչություններ իրականացնել Մեծ Բրիտանիայում. Քեմերոն


23:56 , 29 հունիս, 2015

Newsline.am-ը գրում է.

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» արմատական խմբավորման զինյալները սպառնալիք են ամբողջ Արևմուտքի համար և ահաբեկչություններ են ծրագրում Մեծ Բրիտանիայում։

«Սիրիայում ու Իրաքում գործող ԻՊ-ի զինյալները պլանավորում են սարսափելի մի շարք ահաբեկչություններ իրականացնել եծ Բրիտանիայում: Արմատականները իրական սպառնալիք են ներկայացնում ամբողջ Արևմուտքի համար»,- ասել է նա:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդը հայտարարել էր, որ Մեծ Բրիտանիան Ֆրանսիայի, Թունիսի ու Քուվեյթի ահաբեկչություններից հետո շարունակելու է ԻՊ-ի դեմ պայքարում օգտագործել իր ռազմական հզորությունը:

Համոնդի խոսքերով՝ ոչ վաղ անցյալի այդ ահաբեկչությունները վկայել են, թե ինչու Մեծ Բրիտանիան պետք է հավատարիմ մնա ԻՊ-ի դեմ պայքարին ու նրան հաղթելուն: Դրա հետ կապված՝ Համոնդը կոչ էր արել հավելյալ աջակցություն ցուցաբերել նրանց, ովքեր իրենց կյանքը ռիսկի են ենթարկում երկրի պաշտպանության համար: