Մասնակցել է Սասունի 1904 թվականի ապստամբությանը։ Գործակցել է Հրայրի, Վանա Իշխանի հետ։ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության IV ընդհանուր ժողովին (1907, Վիեննա) մասնակցելուց հետո մեկնել է Բաբերդ, մինչև 1912 թվականը գործել Տարոնում, ապա՝ Կարինում, Թիֆլիսում, 1913 թվականից ապրել է Խարկովում։ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին 21 հոգուց բաղկացած խմբով միացել է Անդրանիկին։ Եղել է հայկական 1-ին կամավոր գնդի 2-րդ վաշտի հրամանատար։ Այդ պաշտոնում մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատում մղվող կռիվներին։ Այդ ընթացքում Մուրադի /Խրիմյան/ հետ հիմնադրել է «Մեկ հայը մեկ ոսկի» հիմնադրամը, որի նպատակն էր քրդերից հավաքագրել նրանց մոտ գտնվող հայ որբերին և նյութական օգնություն ցույց տալ Հայոց Ցեղասպանության հետևանքով գաղթականներ դարձած արևմտահայ ընտանիքներին։ 1918թ. սեպտեմբերին Մուրադի և խմբապետ Համազասպի /Սրվանձտյան/ հետ կռվել է Բաքվի հայությանը թուրքական զորքերից պաշտպանելու համար։ Բաքվի կոմունայի անկումից և թուրքերի կողմից այն գրավելուց հետո անցել է Երևան։ Եղել է Հայաստանի Առաջին Հանրապետության պառլամենտի անդամ, ճնշել է 1920թ-ի Մայիսյան ապստամբությունը։ 1920թ. աշնանը Կարսի ճակատում մասնակցել է թուրք-հայկական պատերազմին։ Հայաստանի խորհրդայնացումից հետո Զանգեզուրի վրայով նախ անցել է Պարսկաստան, այնուհետև մեկնել է արտասահման։ Բնակվել է Ամերիկայի միացյալ նահագներում, որտեղ էլ գրել և տպագրել է երեք հատորից բաղկացած իր հայտնի հուշերը, որտեղ փորձել է նսեմացնել Անդրանիկ Օզանյանի զորավարական տաղանդը։
Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելու հետևանքով արտագաղթել է ԱՄՆ, որտեղ և մահացել է 1940թվականին։