Ուկրաինան առաջարկում է ՌԴ-ին հեռացնել ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության խմբից


13:10 , 2 հունիս, 2015

Newsline.am-ը գրում է.

Ուկրաինայի գլխավոր շտաբում առաջարկել են ՌԴ-ին հեռացնել Դոնբասում իրականացվող ԵԱՀԿ-ի առաքելության դիտորդական խմբից: Դրա մասին ուկրաինական հեռուստաընկերության եթերում հայտարարել է երկրի Զինված ուժերի գլխավոր կենտրոնի ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Ռոզմազնինը:

Նրա կարծիքով, դիտորդների խումբն օբյեկտիվ է միայն այն ժամանակ, երբ չկան ՌԴ ներկայացուցիչներ: Զինվորականը նշել է, որ սրան կհասնեն, եթե Ռուսաստանը ճանաչվի կոնֆլիկտի կողմերից մեկը:

ԵԱՀԿ հատուկ մոնիթորինգային խումբն Ուկրաինայում սկսել է աշխատել մարտից սկսած: Խումբը պետք է հետևի տեղի ունեցող իրադարձություններին և միջազգային հանրությանն անաչառ տեղեկատվություն տրամադրի: Նրա այս մանդատը երկարաձգվում է ամեն կես տարին մեկ: