«Վիճակը գնալով վատանում է, բայց 82-ամյա հայրս չի ցանկանում ընդունել հիվանդության փաստն ու հրաժարվում է բուժումից»,- ասել է Շարիֆի որդին:
Հիշեցնենք, որ Օմար Շարիֆը 2 անգամ արժանացել է «Ոսկե գլոբուսի» («Դոկտոր Ժիվագո», «Լոուրենս Արաբիացի») 1 անգամ` «Օսկարի» («Լոուրենս Արաբիացի»)։ 2003-ին Վենետիկի կինոփառատոնը նրան «Ոսկե առյուծ» է շնորհել` համաշխարհային կինեմատոգրաֆում մեծ ներդրում ունենալու համար, ստացել է նաև հանդիսատեսի համակրանք մրցանակը («Պարոն Իբրահիմը և Ղուրանի ծաղիկները»): 2004-ին «Սեզար» է ստացել տղամարդու գլխավոր դերի համար («Պարոն Իբրահիմը և Ղուրանի ծաղիկները»): Ընդհանուր առմամբ, Շարիֆը նկարահանվել է մոտ 60 ֆիլմում։ Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմում նկարահանվելուց հետո` Թուրքիան արգելել է նրա մուտքը երկիր։
Որպես թեմայի շարունակություն, նշենք, որ Ալցհայմերով հիվանդ հոր մասին հիանալի պատմություն է գրել ավստրիացի ժամանակակից գրող Առնո Գեյգերը: Այդ` «Ծեր թագավորն իր աքսորավայրում» ինքնակենսագրական գրքում նա նկարագրում է, թե հոր հիվանդությունից հետո ինչպես է նորովի ճանաչել նրան ու մտերմացել հետը: Հեղինակը տող առ տող մեզ համոզում է, որ հիվանդ մարդն էլ մարդ է` անօգնական, բայց` արժանապատիվ: «Երեկոն մոտեցնում է այն ամենի կանխազգացումը, ինչ առավոտն է իր հետ բերելու: Իսկ մութն ընկնելու հետ վախը պատում է հայրիկին: Այդ ժամանակ հայրիկը մոլորված, անօգնական ու անհանգիստ է, նա նման է իր աքսորավայրում ապրող ծեր թագավորի: Այդ ժամանակ նրա աչքին ամեն ինչ երկյուղալի է, երերուն, անկայուն, և կարծես սպառնում է, որ հաջորդ պահին կտարրալուծվի: Եվ ոչինչ նրան տանը լինելու զգացողություն չի ներշնչում»:
Խորհուրդ ենք տալիս ընթերցել Առնո Գայգերի «Ծեր թագավորն իր աքսորավայրում» վիպակը. հավատացեք, ավելի լավ կհասկանաք ծերունական թուլամտությունից տառապող մարդուն և, առհասարակ, մարդուն: