Ընտրված պատգամավորները ճիշտ կանեին՝ նախընտրական մի քանի շտաբ մշտական դարձնեին


18:56 , 22 մայիս, 2015

Երևի լսել եք, որ ասում են՝ յոթ երգ ունեմ, յոթն էլ յարիս մասին է։ 
Հիմա ես յոթ երգ ունեմ, յոթն էլ յարիս, ավելի շուտ՝ խորհրդարանի, իսկ ավելի հստակ՝ բյուջեի մասին է....
Այն, որ Արցախում ընտրությունները՝ թե տարածաշրջանում, թե ամբողջ աշխարհում, թափանցիկության ու ժողովրդավարության տեսանկյունից առաջատարների շարքում են, անհերքելի փաստ է: 
Դա արդյունքն է արցախցու յուրահատուկ հոգեկերտվածքի առանձնահատկությունների, արցախցու օրինապաշտության ու օրինապահության:
Այլ հարց է, թե ինչ է ստացել ընտրության արդյուքնում օրինապաշտ արցախցին:
Ինչքանով է արհեստավարժ ձևավորված խորհրդարանն օրենքներ մշակելու գործում: 
Ըստ էության, խորհրդարանում սկի օրենք մշակելու անհրաժեշտություն էլ չի առաջանում: Դրա մասին փաստել է նաև ԱԺ նախագահը՝ բնական համարելով ընդունված օրենքների մեջ գործադիրի նախաձեռնողականությունը։
Եվ եթե հենց այս տեսանկյունից դիտարկենք մեր նորընտիր խորհրդարանի կազմը, հատկապես մշտական հանձնաժողովների նախագահների ու տեղակալների ցուցակը, ապա լիովին ընդունելի են առաջադրված ու ընտրված նախագահ-տեղակալները, որոնց մի մասը ոլորտային հարցերի հետ որևէ մասնագիտական առնչություն չունի: 
Իսկ այս ամենի ֆոնին նորից գալիս եմ իմ յոթ երգին՝ ինչու նվազագույն՝ 50 000 աշխատավարձով երկրում խորհրդարանում նվազագույնը 450 000։
Նաև կարծում եմ, խորհրդարանում ընդգրկված պատգամավորները բարոյապես պարտավորված կլինեն ինքնուրույն ազատել այն աշխատատեղերը, որ զբաղեցնում են խորհրդարանից դուրս:
Նախ՝ անարդար է սոցիալապես ծանր վիճակում գտնվող Արցախում բյուջեի համար այդպիսի բեռ լինել, աշխատանքի խնդիր ունեցող բազում քաղաքացիների կողքին երկու կամ երեք աշխատատեղ զբաղեցնել, անկախ նրանից՝ ինչ շրջանակներում կդիտարկվի զբաղեցրած աշխատատեղի բնույթը (ստեղծագործական, մանկավարժական, թե գիտական)։ 
Երկրորդ՝ մշտական հիմունքներով աշխատող պատգամավորը պետք է 09:00-18:00 աշխատի օրենքների վրա (թա ղորթա՝ ինչպես կասեն մեր մեծերը), իսկ անկախ նրանից՝ ստեղծագործական է, թե մանկավարժական կողմնակի զբաղմունքը, այն պատգամավորին կխանգարի իր հիմնական առաքելությունը կատարելու հարցում։ 
Եվ վերջապես, հարգելի թեկնածուներ, որ արդեն մանդատ ունեք՝ լավ կլիներ, որ ձեր նախընտրական շտաբներից գոնե մի քանիսը մշտական գործեին, որպեսզի խոստացված մշտական կապն ընտրողի հետ գոնե կիսամշտական բնույթով պահպանվի...