Հրամայականը՝ նոր որակի պետության ստեղծում


21:01 , 18 ապրիլ, 2015

Հարգելիներս, ես էլ ձեր պես ուրախ եմ, որ Վատիկանում Սուրբ պատարագ տեղի ունեցավ՝ նվիրված ցեղասպանության 100-ամյա տարլիցին, ինչպես նաև այդ առիթով բանաձև ընդունեց Եվրախորհրդարանը: Դա, անշուշտ, խոսում է այդ կառույցների արժեքային համակարգի, ինչպես նաև մեր պետական մարմինների ու ոչ պետական կազմակերպությունների նպատակային գործունեության մասին: Անշուշտ, դեր են խաղացել նաև մեզանից դուրս գտնվող աշխարահաքաղաքական գործոններ: Բայց հարկ չկա էյֆորիկ տրամադրությունների մեջ ընկնել ու ոգևորվել՝ իրականությունից հեռանալու վտանգով:
Հռոմի պապի խոսքն ու Եվրախորհրդարանի բանաձն, անշուշտ, կարևոր են, բարենպաստ միջավայր են ձևավորելու ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում: Սակայն պետք է իրատես լինել ու հասկանալ՝ դա մեխանիկական գործընթաց չէ ու պայմանավորված է այն հանգամանքով՝ կարո՞ղ ենք մենք ունենալ որակապես նոր պետություն, թե՞ ոչ:
Վատիկանն ու Եվրախորհրդարանն ազդեցիկ ինստիտուտներ են, բայց ռեալ քաղաքականության տեսանկյունից՝ քաղաքականության առանցքային սուբյեկտ, որոշող չեն: Նրանք կարող են բարենպաստ ֆոն ստեղծել, բայց ոչ ավելին:
Իսկ արևմտյան քաղաքականության իրական սուբյեկտները՝ ԱՄՆ-ը, Գերմանիան, շարունակելու են դարձյալ առաջնորդվել ռեալպոլիտկով, աշխարահաքաղաքական կոնկրետ մոտիվներով: Վաշինգտոնում ու Բեռլինում մեզ կկարեկցեն, կգնահատեն մեր պատմությունն ու կմաղթեն լուսավոր ապագա, բայց «ցեղասպանություն» բառը չեն գործածի՝ դա առայժմ վերապահելով քաղաքականության վրա գործուն ազդեցություն չունեցող Հռոմի պապին կամ Եվրախորհրդարանին: Դա չի նշանակի, որ նրանք մեր վատն են ուզում կամ թուրքի լավը: Դա նշանակում է, որ նրանք ունեն իրենց օրակարգը, ազգային-պետական շահերը:
Սրանից պետք չէ ուրախանալ կամ տխրել. անհրաժեշտ է՝ արձանագրել փաստերը, վերլուծել, դարձնել հանրային քննարկմա առարկա ու հասնել նրան, որ մեր պետության քաղաքականությունն ավելի ներդաշնակ դառնա համաշխարհային համատեքստին: Պետք է մոտեցնել այն օրը, որ Օբաման կամ համաշխարհային այլ առանորդ՝ «ցեղասպանոթյուն» բառն արտասանեն ու դրա հիմքում լինեն ոչ միայն արժեքային, բարոյական ընկալումները, այլ նաև կոնկրետ քաղաքական շահերը, Հայաստանի սուբյեկտայնությունը ճանաչելու հրամայականը: