Էթյեն Մահչուփյանն ազատվել է աշխատանքից


21:34 , 16 ապրիլ, 2015

Այս մարդն ազգությամբ հայ է, նաև Թուրքիայի քաղաքացի ու փորձում էր այդ երկուսը համատեղել՝ թերևս հայ-թուրքական երկխոսությանն օգտակար լինելու համար: Խոսքն Էթյեն Մահչուփյանի մասին է, ով Թուրքիայի վարչապետի գլխավոր խորդականն էր ու, ըստ Hurriyet-ի տեղեկատվության, ազատվել է աշխատանքից: Իհարկե, թուրքական աղբյուրն աշխատանքից ազատման տարիքային ցենզն է հիշատակում, սակայն միայն միամիտները կհավատան դրան, որովհետև Մահչուփյանը Թուրքիայի միակ պաշտոնյան էր, ով, թեկուզև զգուշավոր, սակայն իրական գնահատական էր տալիս 1915թ-ի իրադարձություններին՝ դրանք որակելով ցեղասպանություն: Ազատ մտածողությունը, քաղաքական բազմակարծությունը թուրքական այսօրվա վերնախավում հարգի չեն, ու Մահչուփյանը վաղ թե ուշ հրաժեշտ պետք է տա իր պաշտոնին: Սա է ժխտողական քաղաքականության տրամաբանական հետևանքը, ու դժվար է ուղղել մի վարչախմբի, որն ուղղվելու ցանկություն, քաղաքական կամք չունի, որը չի ուզում շիտակ նայել պատմությանը՝ անարյուն ապագա կառուցելու նպատակով: