Ազատ դեմոկրատներն ու ժառանգականները սկզբից միմյանց հայհոյել են, հետո` անցել ակտիվ ձեռնամարտի


23:06 , 22 հոկտեմբեր, 2012

Ժառանգություն խմբակցության այսօրվա` հոկտեմբերի 22-ի նիստը, ըստ խորհրդարանական աղբյուրների, այնքան էլ հանդարտ չի անցել, ինչպես փորձ է արվում ներկայացնել: Գործը հասել է նրան, որ ազատ դեմոկրատ Խաչատուր Քոքոբելյանը եւ ժառանգական Ռուբիկ Հակոբյանը միմյանց սկսել են հայհոյել, իսկ հետո անցել ակտիվ ձեռնամարտի: Թե նրանցից ով է ավելի հաջողակ գտնվել, աղբյուրները համեստաբար լռում են, ամենայն հավանականությամբ` չցանկանալով նեղացնել աքլորացած պատգամավորներին: Այսուհանդերձ, խորհրդարանական աղբյուրները պնդում են, որ կռվի ամբողջ ընթացքում նրանք փորձել են միմյանց վախեցնել եւ խորհուրդ են տվել մտածել ապագայի մասին: Ամենազավեշտալին այն է, որ կռվարար պատգամավորների հույսը եղել է նույն մարդը: Մնում է գուշակել, թե պատգամավորների տանիք հանդիսացողն ում ինչ պատժի կամ խրախուսանքի կարժանացնի: