ԽՍՀՄ-ում ծնվածները. ինչու էին խորհրդային երեխաներն այդքան տարբեր


14:17 , 6 մարտ, 2015

Почему дети СССР были другими?

Ինչպես ասել է ֆրանսիացի գրող Անտուան դե Սենտ Էկզյուպերին, մենք բոլորս էլ ծնունդով մանկությունից ենք, սակայն մարդկանց մանկությունները տարբեր են՝ կախված նրանից, թե այդ մանկությունը եղել է 90-ականներից առա՞ջ, թե՞ հետո։ Ու այն աստիճան տարբեր են այդպիսի մարդկանց մանկությունները, որ ԽՍՀՄ-ում ծնվածները երբեմն իրենք են զարմանում, թե ինչպես են իրենց պես «անցյալի դինոզավրերը» մինչ այժմ ողջ։

Մեր ժամանակ մեքենաներում ամրագոտիներ ու անվտանգության բարձիկներ չկային, բայց դա ոչ ոքի չէր անհանգստացնում, նույնիսկ ճանապարհային ոստիկաններին։

Մեր սենյակները, մահճակալներն ու խաղալիքները ներկվում էին հատուկ՝ էկոլոգիապես մաքուր ներկերով։

Դեղամիջոցները չէին փակվում գաղտնի կափարիչներով։

Երկաթյա դռների վրա չկային թվային կողպեքներ, իսկ կողպված պահարանները միայն ֆաբրիկաներում էին լինում։

Ոչ ոքի մտքով չէր անցնում, որ ծորակի ջուր խմել չի կարելի։

Մենք սաղավարտ չէինք հագնում հեծանիվ նստելուց առաջ։

Մենք ինքներս էինք տախտակներից ու ձեռքի տակ եղած միջոցներից փոխադրամիջոցներ պատրաստում՝ գաղափար անգամ չունենալով, որ ցանկացած շարժական փոխադրամիջոցի բաղկացուցիչ մասը պետք է լինեն արգելակները։

Մենք զբոսնում էինք այնքան, որքան ինքներս ցանկանայինք. դպրոց գնում էինք առավոտյան շուտ, իսկ տուն էինք վերադառնում արդեն գիշերը, ու ծնողները միայն ենթադրել կարող էին, թե որտեղ էինք մենք թրև գալիս, քանի որ բջջայիններ գոյություն չունեին։ Պատկերացրեք, մենք կոտրում էինք ոսկորներս, ճղում էինք ձեռքներս, կորցնում էինք ատամներս, կռիվներ էինք անում… Բայց ոչ ոք դատի չէր տալիս մյուսին։

Մեր բոլոր սխալների համար մենք ինքներս էինք պատասխան տալիս՝ ուշադրություն չդարձնելով կապտուկների ու քերծվածքների վրա։ Տղամարդիկ չեն լացում, ու մենք չէինք լացում։

Մենք ուտում էինք ամեն ինչ. խմորեղեններ, պաղպաղակ, կոնֆետներ, սալ, երշիկ… Ու չէինք գիրանում, որովհետև մեր օրգանիզմներում թաքնված միջուկային ռեակտորը թույլ չէր տալիս, որ մենք երկար անշարժ մնանք։

Մենք բոլորս նավապետներ էինք, բանակի գեներալներ ու ակնառու ֆուտբոլիստներ։

Մենք չէինք վախենում խմել ուրիշի շշից, ծամել ընկերոջ ծամոնը և նույն ափսեից սնվել նրա հետ։

Մեր բնածին դիմադրողականությունն ավելի ուժեղ էր, քան ժամանակակից դեղագործական միջոցները։

Համակարգիչներն ու համակարգչային խաղերը, բջջային հեռախոսներն ու վիդեոները… Այս ամենը պարզապես դեռ գոյություն չուներ, և մենք աղմկոտ խմբերով հավաքվում էինք հեռուստացույցների մոտ, որպեսզի նայենք մեր սիրելի «Դե սպասիր»-ը։

Փոխարենը մենք գիտեինք, թե ինչ բան է ընկերությունը, և ինչպես է պետք արժևորել մարդուն։

Մենք պարզապես զրուցելու համար միասին էինք հավաքվում, խարույկներ էին վառում ավտոտնակների հետևում, իսկ հարակից անտառ կամ էլ ձոր կատարվող էքսկուրսիաները սովորական բան էին։ Ընդ որում, այդ ամենը մենք անում էինք առանց թույլտվություն հարցնելու ծնողներից, ոստիկաններից ու ուսուցիչներից։

Մենք լուցկու գլխիկներով կրակող ատրճանակներ էինք սարքում, ծառերի վրա տնակներ էինք սարքում, բարձր տեղերից ջուրն էինք ցատկում։

Մենք սպորտային և նավամոդելային խմբակների էինք անդամագրվում ու չնայած նրան, որ մեզանից ոչ բոլորը մեծանուն մարզիկներ դարձան, կյանքը մեզ սովորեցրեց պայքարել, հաղթել, պարտվել ու հիասթափությունը հաղթահարել։

Իսկ ինչպես էինք մենք սովորո՜ւմ։ Հինգ բալանոց գնահատման համակարգ, հատուկ «տաղանդների» համար՝ նույն դասարանում մնալ, 5-եր, երբ մենք իրականում 3-ի էինք արժանի։ Ինչպե՞ս էինք մենք կարողանում այդքան անգիր սովորել գրականության դասերին, ինչո՞ւ ենք մենք մինչ օրս առանց սխալների գրում և դպրոցն ավարտելուց նույնիսկ տասնամյակներ անց կարողանում մեր թոռներին օգնել տնային աշխատանքում։

Երևի դա նրանից է, որ այն ամենը, ինչ մեզ հետ պատահում էր, իսկական էր. իսկական ընկերություն, իսկական կռիվներ, իսկական սիրահարվածություններ, իսկական թշնամություն։

Մենք չէինք թաքնվում մեր «թույն» բարեկամների մեջքի հետևում, փողով չէինք ազատվում քաղմասից ու բանակից, որովհետև արարքների համար պատասխան տալը պատվի ու սեփական խղճի հանգստության հարց էր, իսկ մեր ծնողները գրեթե չէին միջամտում մեր գործերին։

Մեզ հեգնանքով «սավոկ» են հիմա անվանում՝ մոռանալով, որ հենց մեզ պես «սավոկները» կարողացեն ստեղծել գերտերություն, հենց «սավոկներն» են, որ առ այսօր պատրաստ են անձնազոհություն դրսևորել՝ հանուն սեփական երկրի բարեկեցության ու անվտանգության։

Ու թող որ մենք այդպես էլ չսովորեցինք փող աշխատել շատ, և մենք թքած ունենք «արևմտյան արժեքների» վրա, փոխարենը մենք կարողանում ենք հասկանալ կարևորը՝ աշխարհում պետք է իշխեն բարությունը, սերն ու խիղճը։

Շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր իրեն դասում են ԽՍՀՄ-ում ծնված սերունդների շարքին, որովհետև մեր բախտը բերել է. մենք չենք փոխարինել մեր արժանապատվության զգացումն արդեն տասնամյակներ մեզ մատուցվող քարոզչական հիմարությունների հետ։