Հերթական խեղաթյուրումը


22:57 , 20 հունվար, 2015


Հայերը պահանջում են Պերմյակովին ՀՀ օրենքներով ու ՀՀ դատարանում պատասխանատվության ենթարկել ոչ թե այն բանի համար, որ այդպես անվերապահորեն հավատում են հայաստանյան իրավապահ համակարգին ու արդարադատությանը, իսկ փոխարենը կասկածի տակ դնում Ռուսաստանի անկեղծությունը՝ օրենքի ողջ խստությամբ պատժել հանցագործին, այլ պարզապես ուզում են, որ ՀՀ գործող իշխանություններն իրենց դրսևորեն որպես անկախ երկրի իշխանություն։ Իսկ ո՞վ ասաց, որ եթե ոճրագործը ՀՀ դատարանում դատվի, բոլոր հանգամանքները հաստատ կպարզվեն մինչև վերջ, և հանրությանը կներկայացվի ողջ ճշմարտությունը։ Եթե չուզեցան բացահայտել, ուրեմն դա չեն անի ոչ Հայաստանի, ոչ էլ Ռուսաստանի իրավապահ մարմինները։ Ուղղակի հայաստանյան իշխանությունների ստրկամիտ ու նվաստացուցիչ պահվա՛ծքն առաջացրեց մարդկանց ցասումը։ Սովորական, բայց արժանապատվություն ունեցող գյումրեցիները երկրի իշխանություններին սովորեցնում էին, ավելի ճիշտ՝ պահանջում էին ոտնատակ չանել Հայաստանի Հանրապետության անկախությունը։