Հրանտ Բագրատյանը Կիևում է. ողբերգությունը մեծ է, բայց բոլորը պատրաստ են կյանքները տալ հանուն Ուկրաինայի ազատության


09:42 , 8 սեպտեմբեր, 2014

Կիևում եմ։ Ոգևորությունը շատ մեծ է։ Երկիրը պատրիոտիկ վերելքի մեջ է։ Բոլորը պատրաստ են կյանքները տալ հանուն Ուկրաինայի, հանուն ազատության։ Հետաքրքիրն ինչ է. նույնիսկ ռուսների մեջ, իսկ նրանք Կիևում կազմում են զգալի տոկոս, չես գտնի մեկին, որ այլ կերպ մտածի։ Անգամ արևելյան Ուկրաինայից եկածների մեծ մասը, ու ոչ միայն ուկրաինացիները, այդպես են մտածում։ Չի եղել դեպք, երբ ուկրաինացիները ռուսներին վիրավորեն։ Մինչդեռ ըստ պաշտոնական վիճակագրության Ուկրաինայում 7.8 մլն ռուս է ապրում։ Բոլորը հպարտ են ազատության և եվրոպական ընտրության կապակցությամբ։ Հայաստանյան մամուլում և սոցիալական ցանցերում որոշ իշխանամետ լրատվամիջոցներ ու բլոգերներ վայնասուն են բարձրացրել. տեսեք թե ինչ եղավ Ուկրաինայի հետ սխալ քաղաքականության արդյունքում։ Նման մարդկանց այստեղ պատասխանում են Մ.Գորկու խոսքերով. “Рожденные ползать летать не могут”. 
Լուգանկի և Դոնեցկի մարզերում, այնուամենայնիվ, բնակչության մեծ մասը Ուկրաինայի կողմն է։ Այս պատճառով ներկայումս ձեռք բերված զինադադարի համաձայնությունը այսօրվա համար նորմալ փոխզիջում է։ Ապշեցնում է Մարիուպոլը։ Այս քաղաքը, ինչպես և Ազովի ծովի հս. ափին գտնվող Մելիտոպոլը, Սարտանան, ինչպես նաև արդեն ՌԴ տարածքում գտնվող Սամբեկը (նախկին Կատերինավան) հիմնել են հույներն ու հայերը։ 18-րդ դարում այս հայերին ու հույներին Ղրիմից տարհանել է Սուվորովը։ Հույներին ու հայերին էին թաթարները վստահել Ղրիմի տնտեսական կյանքը։ Սուվորովը, չկարողանալով նվաճել Ղրիմը, տափաստանից տարհանում է այս հույներին և հայերին՝ նպատակ ունենալով կազմալուծել խանության տնտեսությունը։ Դա նրան հաջողվում է։ Tasnyak hazar հույն և հայ 18-րդ դարի վերջում Ղրիմից տարհանվում են Ազովի ծովի հյուսիսային ափի տափաստանները։ Բավականին դաժան արշավ է սա եղել։ Ինչևէ, այս հույների ու հայերի շնորհիվ հիմնվում են նշված քաղաքներն ու գյուղերը։ Մի քանի տարի հետո, 1783-ին, Ղրիմը միանում է Ռուսաստանին։ Հայերին թույլ են տալիս վերադառնալ։
Ներկայումս Մարիուպոլում հարյուր հազարավոր քաղաքացիներ խրամատներ են փորում։ Նման միասնության մասին կարելի էր երազել։ Ընդամենը մի քանի ամիս առաջ սա պրոռուսական քաղաք էր համարվում։ Հատկանշական է, որ երբ պրոռուսական ուժերը գրավում են Շիրոկին (Ազովի ծովի ափին հսկայական ավան է Նովոազովսկ քաղաքի մոտ), ավանի բնակչությունը հեռանում է՝ Ուկրաինա (չնչին բացառությամբ)։ Ի դեպ, նույն մեմամորֆոզն առկա է Սլավյանսկում։ Ներկայումս այս քաղաքը հաստատապես պրոուկրաինական է։ Արևելյան Ուկրաինայոմ բնակչության տրամադրվածության փոփոխության փաստերն ակնհայտ իրողություն են։