Կարմիր շրթներկով աղջիկը (մաս 3)


15:58 , 21 հուլիս, 2014

510cd1fc973145ab0e0a9959dbedddc7

Ճոխ ու փարթամ գանգուրները ծածկել էին բարակ մեջքի կեսից ավելին: Զուգագուլպաները զգուշորեն գրկեցին սլացիկ ոտքերը, կարճ ու նուրբ զգեստը ընդգծեց մարմինը, հասակը համալրեցին բարձրակրունկները: Սև սուրման պատեց դարչնագույն աչքերի կոպերը, կարմիր շրթներկը, որ նրա առօրյայի մի մասն էր, յուրահատուկ հյութեղություն հաղորդեց շուրթերին:

-Ո՞ւր,- շպրտեց հայրը` օղու հերթական բաժակը դատարկելով:

-Ինչպես միշտ: Ուր ուզեմ:

Լիան հրաշալի տիրապետում էր հոր հետ վատ հարաբերությունների պահպանմանը: Մոր հեռանալուց ի վեր հայրը շարունակ հարբեցողությամբ էր զբաղվում, տեղի-անտեղի: Լիան միայն նողկում էր հոր թուլամորթ կերպարից ու հոր խոշոր կազմակերպության կառավարումն անմիջապես իր ձեռքը վերցրեց, երբ ավարտեց տեղի հեղինակավոր բուհերից մեկը գերազանց առաջադիմությամբ:

Մեքենան միշտ մեծ արագությամբ էր վարում: Այս անգամ էլ նույն արագությամբ մեքենան կայանեց քաղաքի լավագույն ակումբներից մեկի առաջ: Օծանելիքների խառը բույրը, քրտինքն ու հաճույքը միախառնված օդում երիտասարդության գաղջ ժամանցն էր ապահովում: Մի քանի պարապ երիտասարդների ցանկացող հայացքների ներքո Լիան մոտեցավ բարմենին:

-Ինչպես մի՞շտ:

- Հա…

-Ինչպես միշտ ի՞նչ եք նախընտրում:

Լիայի կողքին` բարի սեղանին հենված, կանգնած էր բարետես մի երիտասարդ: Լայնաթիկունք, գեղեցիկ դիմագծերով, կանչող աչքերով այդ տղան միգուցե տարբերվող էր, բայց առանձնահատուկ չէր զրույցներ ծավալելու կամ էլ սիլի-բիլի անելու համար:

- Իսկ  ի՞նչ եք առաջարկում, – իր հերթին բարի սեղանին հենվեց Լիան:

- Ինչ որ ցանկանաք:

- Վիսկի:

- Հարուստ ու ինքնագոհ, հաստատված լեդիի կերպար ստեղծելու փորձերն այդքան էլ արդարացված չեն:

- Ավելի կոնկրետ, նարնջի հյութ պատվիրող դասական խղճուկ աղջկա կերպար ստեղծելու փորձերը չեմ արդարացնում:

- Պատրաստ ե՞ք վիսկիի մի ամբողջ շիշ դատարկել ինձ հետ:

- Եթե քեզ թվում է, որ մի շիշ խմելով կարող ես այս գեղեցկուհուն անկողին քարշ տալ, ուրեմն վաղուց մսուրից նախադպրոցական խմբակ տեղափոխվելուդ ժամանակն է, սիրունիկս:

-Կհամարեմ, որ չեմ լսել գեղեցկուհու կարմրավուն շուրթերից նման թերահավատ բառեր իմ հասցեին, բայց, այնուամենայնիվ, հրավերքս ուժի մեջ է:

- Կարիք կա՞ նորից կրկնելու թերահավատ բառերս, թե՞ չքվելու համար մի քանի րոպե էլ տամ:

Լիան դանդաղ, բայց ինքնավստահ քայլերով լքեց ակումբը: Սառը օդը թարմեցրեց շունչը: Մեքենան սլացավ քաղաքի փողոցներով: Լիան դիմացի հայելուց նկատեց իր ետևից սլացող մեքենան, ղեկին` ակումբի երիտասարդն էր: Անմիջապես կայանեց մեքենան մոտակա վայրում: Ագրեսիվ իջավ մեքենայից:

- Թիկնապահներ, կարծեմ, չեմ վարձել:

- Հանգստացի՜ր…. ես ինքս էլ տուն եմ գնում:

-Իսկապե՞ս: Այդ դեպքում ինքդ շարունակիր ճանապարհը, իսկ ես կգնամ մի քանի րոպե հետո, որպեսզի ստիպված չլինեմ տենչացող ու ինձ անհագորեն հետևող դեմքդ տեսնելու:

-Իսկ դու մեքենան վարելուց հայելու մեջ մի նայիր: Այդպես ստիպված չես լինի նկատել ինձ:

-Մանկապարտեզ…

-Իսկ մանկապարտեզում քեզ այսպես համբուրե՞լ են:

Կարմիր շրթներկը ստիպված եղավ կիսվել ու ներկել նաև ուրիշի շուրթերը, որոնք ուժեղ կապվեցին նրան:

- Հենց ուշքի գաս տուն կգնաս…

Լիան արմունկների վրա զգաց ամուր ձեռքերի այրող մատներից մնացած կարմիր հետքերը, շուրթերի վրա ուրիշի շունչը, հեռացող մեքենայից հնչող խլացնող ազդանշանը…

Շարունակելի