Գովելի է, որ ԿԲ նախագահը սուրճի բաժակ լավ է նայում, գուցե կառավարությունը նրան Վանգայի անվան մեդալո՞վ պարգևատրի


13:06 , 30 մայիս, 2014

«Հայկական ժամանակ» թերթի հրապարակումից պարզվում է, որ երեկ ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել պարտադիր զինվորական ծառայությունից ազատել դատավոր Ռուբեն Ներսիսյանի որդուն: Նման միջնորդությամբ հանդես է եկել ՀՀ ԿԲ նախագահը, ով պատճառաբանել է, թե պատանին ապագայում դառնալու է առաջատար մասնագետ` փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի գծով... մինչդեռ նա ուսանող է և սովորում է բոլորովին այլ բնագավառում...
Իհարկե, գովելի է, որ ՀՀ ԿԲ նախագահը սուրճի բաժակ լավ է նայում ու նման գուշակություններով է զբաղված: Գուցե կառավարությունը նրան Վանգայի կամ Նոսթրադամուսի անվան մեդալո՞վ պարգևատրի....
Չեմ զարմանա, որ այդ պատանին տարիներ անց նաև մարտական մեդալ ստանա ՀՀ նախագահից կամ ՊՆ-ից ու փոփոլացած աքլորի նման հոխորտա, թե Շուշիի ազատագրմանն է մասնակցել:
Ապահով Հայաստանը ապահով է միայն ՀՀԿ-ական պաշտոնյաների ու մեծահարուստների երես առած, անդաստիարակ լակոտների համար:
Նման արհամարհանք, նման երեսպաշտություն էլ ո՞ր երկրում կտեսնես:
Այլևս դադարել եմ զարմանալուց ՀՀԿ-ական պաշտոնյաների լկտիության ու անբարոյության վրա: 
Շինականի, բանվորի, մտավորականի ուսերին է ծառացած հայրենիքի պաշտպանության սուրբ գործն ու պատիվը: Իսկ անպատիվ այս խավի համար հայրենիքը դարձել է սոսկ դրամապանակ, գանձարան, որ թալանեն, լափեն ու վայելեն: Անհայրենիք այս խավը ավելի վատն է, քան երիտթուրքը, մոնղոլ-թաթարը...
Հայաստանը իր բազմահազար պատմության ընթացքում երբևէ ավելի վատ կառավարում չի ունեցել, երբևէ ավելի անարդար ու կեղեքիչ, աննամուս ու անպատիվ իշխանություն չի ունեցել...