Ինչո՞ւ Հայաստանում չի կարող զարգանալ իրական գործարարությունը


17:53 , 23 ապրիլ, 2014

Հայաստանի Հանրապետությունը, ունենալով սակավաթիվ բնական ռեսուրսներ, հետևաբար նաև թույլ զարգացած տնտեսություն, չնայած այն հանգամանքին, որ միայն բնական ռեսուրսները չեն պայմանավորում տնտեսական ակտիվությունը, ունի գործարար ակտիվության խթանման, ներդրումային դաշտի բարելավման գերխնդիր:
Աշոտ ԱվետիսյանԲազմիցս, տարբեր` բարձրաստիճան ու ոչ այնքան բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից վերաշեշտադրվում է այն համոզմունքը, որ Հայաստանում գործարարությունը պետք է խրախուսել, հարթել խոչընդոտները և հատկապես` զարգացմանը արգելակող կոռուպցիոն դրսևորումները: Այստեղ է, որ անհրաժեշտ է իրականության վրա լայն բացել աչքերը և ասվածին ականջալուր դառնալ` ոչ միարժեք համոզմունքով: Ինչո՞ւ, որովհետև կա մի անհերքելի ճշմարտություն, որի հետ հաշվի նստելու պարագայում, բախվում ես պատնեշի, որի հաղթահարումը ունի միմիայն քաղաքական լուծում: Այն է` ՀՀ անկախացումից ի վեր, ինչու ոչ նաև դրանից քիչ ավելի վաղ սկսված սև կապիտալի կուտակումն ու դրա լեգալացումը, այլ կերպ ասած, այն միջոցները, որոնք հարստահարման արդյունքում, տարիներով կուտակվել և նախնական կապիտալի տեսքով ազդարարել է նոր «բիզնեսների» հիմնադրման սկիզբն ու ծաղկող ընթացքը, չհաշված որոշակի խիստ բացառիկ դեպքերի:
Որտեղ հարստություն, այնտեղ փառասիրական նորանոր դրսևորում, որտեղ փառասիրություն, այնտեղ ձգտում առ իշխանության պիկեր: Հետևաբար, սև կապիտալի տիրակալները իրենց խոր արմատներով և անհագ իշխանատենչությամբ, ինչը թելադրված ու պարտադրված է խաղի կանոններով, նաև պետք է մեծացնեին իրենց համակողմանի ազդեցությունը: Արդյունքում, երբ տնտեսությունը դուրս է ամեն տեսակի տնտեսական օրինաչափությունների և կառուցակարգային հիմքերի վրա զարգացումից, երբ իրական գործարար մարդ կոչումը դառնում է փնտրված տեսակ, ապա այլ բան չի մնում, քան հումորով վերաբերել հնչեցված բարձր կարծիքներին: