Պարանոյա


09:39 , 29 մարտ, 2014

Ես չեմ հասկանում ոմանց կողմից բարձրացված ՊԱՐԱՆՈՅԱՆ՝ Հայաստանի դիրքորոշման հետ կապված, ՄԱԿ-ում՝ Ավակովին, արևմտյան «կիևյան բանաձևի» մասով: «Վայ, աշխարհի առաջ խայտառակ եղանք, բա ի՞նչ կասեն մեր մասին, բա Արևմուտքը ի՞նչ կասի»: Լրջացեք մի քիչ, տնային տենտեսուհու մակարդակի խոսակցություն է՝ «բա ի՞նչ կասեն հարևանները» ոճի մեջ: Պարզ չէ՝ Հայաստանն ինչի՞ է դեմ քվեարկել: Էդքան դժվա՞ր է հասկանալը: Ո՞ւմ համար պարզ չէ, որ եղել է Ղրիմի ժողովրդի (մոտ 80% ռուսներ են) կամարտահայտություն: Երևի Մոսկվան ուժով բռնակցեց տարածքը, իսկ ղրիմցիները տանկերի տակ էին պառկում ու ասում՝ չե՞նք ուզում:

Ղրիմը, ժամանակին ելնելով տնտեսական հիմավորումներից, Ուկրաինայի կազմ էր ամրագրել Խրուշչովը, իսկ Ստալինը Ադրբեջանի կազմում՝ Ղարաբաղը: Բացի դրանից, Ուկրաինան երբեք Հայաստանի համար դրական դիրքորոշում չի ունեցել և ԳՈՒԱՄ-ի շրջանակներում Ադրբեջանի ցանկացած հիստերիկ բանաձևի ընդունմանը ՄԱԿ-ում աջակցել է: Մոռանո՞ւմ ենք: Ճիշտ էր ասել ժամանկին մարդամեկը՝ ժողովրդի հիշողությունը շատ կարճ է. էֆեկտի, տպավորության համար մեծ ստեր ասա, նրանք կհավատան, բայց շուտով կմոռանան: Հասկացանք ռուսների նկատմամբ որոշները ունեն արդարացված կամ չարդարացված «հատուկ վերաբերմունք», բայց նման հարցերում գոնե բացարձակ դիլտետանտիզմի գիրկը մի ընկեք:

Բացի դրանից, չկա հիմա ուկրաինական պետություն, և պարզ չի դեռ այն կլինի մոտ ապագայում, թե՝ ոչ: Ուկրաինան հիմա տարածք է, ոչ թե պետություն: Չկա այնտեղ երկրի ողջ տարածքը կառավարող իշխանություն, բռնությունը «պրիվատիզացված է», տարածքները (հատկապես արևելյան) կենտրոնից դիստանցավորված: Այ երբ կլինի ուկրաինական պետություն, այն ժամանակ էլ կխոսենք, թե ինչ կարծիք ունի Կիևը այս կամ այն հարցում Հայաստանի դիրքորոշման մասին: Բարձրացված աղմուկը իրականում մի քանի անգամ գերազանցում է խնդրի իրական մեծությունն ու կարևորությունը:

Իսկ նրանք, ովքեր ազդված են Հայաստանի քայլից, ներսից կեղեքվում են, տանջվում և փոթորկվում, չընդունելով ոչ մի ռացիոնալ փաստարկ, փոքր տղուկի նման լացում ու կրկնում. «չէ ես էն կարմիր կոնֆետն եմ ուզում», ապա վերցրեք մի հատ մեեեծ սրբիչ ու մանրից լաց եղեք...