Այս ուրբաթ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և տիբեթցիների հոգևոր առաջնորդ Դալայ Լաման, այնուամենայնիվ, հանդիպեցին Սպիտակ տանը՝ չնայած Չինաստանի շարունակական բողոքներին՝ չեղյալ հայտարարել այդ հանդիպումը և չխառնվել Չինաստանի ներքին գործերին: Չինաստանը նաև սպառնացել էր սառեցնել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, եթե Բարաք Օբաման ի վերջո հանդիպի Դալայ Լամա XIV-ին:
Ինչպես հայտնի դարձավ Սպիտակ տան պաշտոնական հաղորդագրությունից՝ ԱՄՆ նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել Տիբեթի կրոնական, մշակութային և լեզվական ավանդույթների պահպանմանը, ինչպես նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում տիբեթցիների իրավունքների պաշտպանությանը: Այլ կերպ ասած, Օբաման ընդունում է Դալայ Լամայի առաջարկած «միջին ճանապարհը» Տիբեթի համար, որը Չինաստանի կազմի մեջ չափավոր ինքնավարություն է ենթադրում:
Ստեծված իրավիճակին արդեն արձագանքել է Բեյժինգը` Չինաստանի ԱԳՆ կանչելով ԱՄՆ դեսպանին: Առայժմ չի հաղորդվում, թե կոնկրետ ինչ են քննարկել կողմերը, սակայն, կարծում եմ, լուրջ անհանգստության կարիք չկա: Բանն այն է, որ սա արդեն Օբամայի և Դալայ Լամայի երրորդ հանդիպումն է, և դրանից հետո, գործնականում ոչ մի լուրջ հետևանքներ չեն եղել՝ ԱՄՆ-Չինաստան հարաբերություններում:
Տեսեք, Չինաստանի համար սա չափազանց զգայուն խնդիր է: 1959թ.-ի Տիբեթում տեղի ունեցած չստացված ապստամբությունից հետո Դալայ Լաման աքսորվել է Չինաստանից և այժմ բնակվում է Հնդկաստանում: Վերջինս չինական կառավարության կողմից ընկալվում է որպես անջատողական, և դրա համար Բեյժինգը դժկամությամբ է ընդունում տիբեթցիների հոգևոր առաջնորդի հանդիպումները՝ օտարերկրյա ցանկացած ղեկավարի հետ:
Կարծում եմ՝ այսօր Չինաստանը բնավ այն իրավիճակում չէ, որ հնարավոր լինի արտաքին ճնշման միջոցով ստիպել այդ երկրին ընդունել թե՛ Տիբեթի ինքնավարության հնարավորությունը, թե՛, առավել ևս, անկախությունը: Սակայն սա խնդիր է, որ Չինաստանը, ուշ թե շուտ, պետք է առերեսվի, քանի որ այն բխում է հենց այդ երկրի շահերից:
Չինաստանում միայն տիբեթցիները չեն, որ ունեն խնդիրներ: Այնտեղ առկա են բազմաթիվ այլ ազգային փոքրամասնություններ, որոնք ևս ունեն խնդիրներ, որոնց հնարավոր չէ հավերժ անտեսել: Իսկ երբ խոսում ենք Չինաստանում ապրող ազգային փոքրամասնությունների մասին, պետք է գիտակցել, որ խոսում ենք միլիոնավոր մարդկանց մասին: Այսօրվա դրությամբ Չինաստանի քաղաքական համակարգը թույլ է տալիս հնարավորինս ճնշել ներքին խռովությունները և պահպանել կայունություն, բայց երկրի առջև ծառացած որևէ լուրջ խնդիր կարող է պառակտման պատճառ դառնալ այս պետության համար: Այնպես որ, ուժեղ, իսկ այս դեպքում տեղին կլինի ասել, ավելի ուժեղ և միասնական Չինաստան ունենալու համար, Բեյժինգը ոչ թե պետք է ճնշի, ստորացնի և մարգինալիզացնի սեփական քաղաքացիների մի հատվածին, այլև պետք է փորձի լուծել առկա անարդարությունները և միավորի երկրում ապրող բոլոր ժողովուրդներին մեկ ընդհանուր «դրոշի» ներքո: