Արամ Դանիելյանը հաղթեց Հրազդանի քաղաքապետի ընտրություններում


01:51 , 13 փետրվար, 2012

Արդեն հայտարարեցին, որ Հրազդանի քաղաքապետի ընտրություններում, նախնական արդյունքներով հաղթել է Հրազդանի գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը: Նա մոտ երկու հազար ձայնով առաջ է անցել Սասուն Միքայելյանից: Ներկայումս էլ մի քանի ընտրատեղամասերում շարունակվում է ձայների հաշվարկը, սակայն ձայների հարաբերակցությունը էական փոփոխություն չի կրի: Հետաքրքիր է, որ ամենից հետո Ոստիկանության հաղորդմամբ, ընտրախախտումների վերաբերյալ ընդամենը երկու հաղորդում է ներկայացվել Հրազդանի ոստիկանություն:


Չգիտեմ, անձամբ ինձ համար Հրազդանի քաղաքապետի ընտրությունները մի տեսակ չարի ու բարու պայքարի հետ էր ասոցացվում: Դե Սասունն էլ մի բան չէր, բայց եկեք նրան վերապահումով բարի կոչենք: Չարը հաղթեց: Happy end կրկին չտեսանք: Մի բան ակնհայտ էր. համացանցը հաստատ Սասունի կողմից էր: Կամ գուցե նրանք, ովքեր Սասունին չէին սատարում, լուռ էին... չգիտեմ: Երևի հրազդանցիներն ինտերնետի հետ խնդիր ունեն, չգիտեն էստեղ ինչ է կատարվում:
Էստեղ միայն Արամ Դանիելյանը չհաղթեց. նրա հետ մեկտեղ կաշառքը հաղթեց գաղափարին, կոպիտ ուժը նորարարությանը, անցյալի մոհիկանը հաղթեց նրան, ով գուցե անկախության մի կղզյակ կստեղծեր Հայաստանում: Կստեղծեր պետություն պետության մեջ: Ասում եմ, բայց անկեղծ ասած ինքս էլ չգիտեմ ընտրվելու դեպքում Սասունն ինչ էր անելու: Հաստատ դեմ էր դուրս գալու պետությանը: Իր փոքրիկ տեղական ինքնակառավարման մարմնի գոյությունն առանց պետական աջակցության ապահովել չէր կարողանալու: Ընտրվելուց մի քանի ամիս հետո արժեզրկվելու էր ու մերժվելու: Ու գուցե հետո հենց Արամ Դանիելյանը գար Սասունի ձեռքից հրազդանցիներին փրկելու... չգիտեմ:
Ասում են չէ՝ մարդը միշտ որոշակիությունը գերադասում է անորոշությունից: Թեկուզ այդ որոշակիությունը անհարմար ու անընդունելի լինի, միևնույն է գերադասում է: Գուցե անորոշությունն էլ այս դեպքում Սասունն էր: Անորոշություն ում կրկին չընտրեցին...