Բաշ-Ապարանի հերոսամարտի հուշահամալիրի մասին


21:53 , 1 հունիս, 2012

Ապարանցի եւ հարևան գավառներից օգնության եկած աշխարհազորայինների, զինվորների հիշատակին բացառապես Ապարանի ժողովրդի պայքարի արդյունքում խորհրդային տարիներին՝ 1974-1979 թթ., բազմավաստակ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի նախագծով, կանգնեցվել է սերունդների հիշողությանն ուղղված "Վերածնունդ" հուշարձան-կոթողը։ Հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1979 թ. մայիսի 28-ին։ Հուշարձանի կառուցման աշխատանքներին զուգահեռ բարեկարգվել ու կանաչապատվել է շուրջ 7 հեկտար տարածք։ Տնկվել է մոտ 500 եղևնի եւ ավելի քան 500 բարդի։ Հիմնվել են Նշանավոր հյուրերի, Զինակոչիկների, Նորապսակների ծառուղիները։ Արցախյան ազատամարտում զոհված ապարանցիներին հուղարկավորելու համար 1991 թ. ընտրվել է հուշարձանի արևելյան եզրաթումբը, որտեղ տարիների ընթացքում ձևավորվել է գերեզման-հուշահամալիր։ 2000 թ. մայիսի 28—ին "Վերածնունդ" հուշարձանի արևմտյան եզրաթմբի վրա հուղարկավորվել է Ապարանի հերոսամարտի ղեկավար Դրոյի՝ Դրաստամատ Կանայանի աճյունը։ Ճիշտ կլինի, որ այստեղ վերահուղարկավորվեն նաև ճակատամարտի կազմակերպիչներ Սեդրակ Ջալալյանի (թաղված է Դետրոյթում) և Արսեն Տեր-Պողոսյանի (թաղված է Բուխարեստի հայկական եկեղեցու մոտ) աճյունները։ Տասնամյակների ընթացքում Ապարանի հերոսամարտի հուշարձանը վերածվել է Հայրենիքի համար կռված և Հայրենիքի համար ընկած հերոսների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի։