Իրանում Հայաստանի Հանրապետության դեսպան Գրիգոր Հակոբյանը դեկտեմբերի 14-ին հանդիպել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի հետ։

Իրանը դեմ է Ադրբեջանի երկու հատվածները միացնող Հարավային Հայաստանով տարանցիկ միջանցք ստեղծելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրին՝ այն համարելով սպառնալիք իր անվտանգության համար, Թեհրանում Հայաստանի դեսպանին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ավագ խորհրդական Վելայաթին:

Իրանի գերագույն առաջնորդի ավագ խորհրդականը հայտարարել է, որ Իրանն ի սկզբանե դեմ է եղել, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքին, քանի որ Թեհրանը մերժում է տարածաշրջանային սահմանների ցանկացած փոփոխություն եւ զգուշանում է անվտանգության սպառնալիքներից։ Փոխանցում է  IRNA-ն։

Իրանի գերագույն առաջնորդի ավագ խորհրդականի խոսքով՝ այդ միջանցքը կարող էր ապահովել ՆԱՏՕ-ի ներկայությունն Իրանի հյուսիսում, ինչը անվտանգության լուրջ ռիսկեր կստեղծեր Իրանի հյուսիսային շրջանների եւ Ռուսաստանի հարավի համար։ Նա հավելել է, որ «Թրամփի պլանը», ըստ էության, նույն նախագիծն է, միայն փոփոխված անվանումով, և ներկայումս իրականացվում է ամերիկյան ընկերությունների՝ Հայաստան մտնելու միջոցով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել