Tert.am-ը գրում է․
Սկսած 2020 թվականից՝ տարածաշրջանում ակտիվ ռազմական գործողությունների վտանգը մեծ է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե Իրան-Իսրայել հակամարտության արդյունքում տարածաշրջանում հնարավո՞ր են ակտիվ ռազմական գործողություններ:
«44-օրյա պատերազմը ոչ թե տարածաշրջանում վերջ դրեց պատերազմներին, այլ նոր ձևաչափով պատերազմների սկիզբը դրեց: Տարածաշրջանը դեռևս եռում է, և հարաբերական կայունությունը դեռևս շատ հեռու է»,- ասաց նա:
Անդրադառնալով տեղեկատվական այն արտահոսքերին, որ Իրանի նախագահ Փեզեշքիանն առաջարկել է հարվածել Ադրբեջանում Իսրայելի հետ կապված օբյեկտներին, որոնցից շատերը, ըստ տարբեր աղբյուրների, տեղակայված են Արցախի օկուպացված տարածքներում, ռազմական փորձագետն ընդգծեց. «Արցախի հարավարևմտյան օկուպացված հատվածներում, այսինքն այն տարածքներում, որը սահմանակից է Իրանին, տեղակայված են իսրայելական հատուկ ստորաբաժանումներ, որոնց նպատակը հատուկ ռազմական գործողություններ իրականացնելն է: Այս առումով Իրանը բնականաբար վտանգ է տեսնում։ Ես կարծում եմ, որ այդ տեղեկատվական արտահոսքը միտումնավոր արվեց, որպեսզի այդ կերպ կանխվեն այդ ստորաբաժանումների կողմից հնարավոր գործողությունները»:
Հովհաննիսյանի խոսքով, երբ ամբողջ աշխարհը սպասում է Իրանի գործողություններին, վերջինս իր սպասողականությամբ հյուծում և այդ կերպ թուլացնում է Իսրայելին:
«Իրանի ռազմաստրատեգիական գործողությունները շատ բնորոշ են հենց Իրանի նման պետություններին, որոնք դարեր ի վեր եղել են ռազմարվեստի կերտողներից մեկը: Իրանը ոչ թե դանդաղկոտություն է դրսևորում, այլ իրականացնում է հյուծող, մաշող քաղաքականություն հակառակորդի հանդեպ: Հետաքրքիր է, որ Իրանը դա իրականացնում է առանց որևէ լուրջ միջոցներ ծախսելու, մինչդեռ Իսրայելը բավականին լուրջ միջոցներ է ծախսում, որպեսզի կանխի Իրանի հնարավոր հարձակումը: Իսրայելը ցամաքային ու օդային սահմանը միշտ մարտական վիճակում է պահում, ինչը ոչ միայն հյուծում է, այլև մեծ ֆինանսներ է պահանջում: Հակաօդային միջոցներ ձեռնարկելը թանկ հաճույք է, ուր մնաց կանխարգելիչ հակաօդային գործողություններ իրականացնելը: Դա ենթադրում է անընդհատ մարտական հերթապահություն կործանիչներով, գետնի վրա կոնկրետ համակարգերով: Իրանը միտումնավոր է ստեղծում այս անորոշ մթնոլորտը, նա նպատակ ունի այնքան մաշեցնել, հասցնել մի այնպիսի վիճակի, երբ վստահ կլինի, որ իր հարձակումները տեղ կհասնեն»,- ասաց նա:
Ռազմական փորձագետի գնահատմամբ՝ Իրանը սպասում է նաև, որ Իսրայելը հենց իսրայելական զինուժի մասնակցությամբ ցամաքային գործողություններ կիրականցնի Իրանի դեմ, իսկ այդ պարագայում այդ գործողությունների իրականացման համար տարածք տրամադրող հավանական երկիրն Ադրբեջանն է:
«Եթե Արդբերջանի տարածքից սկսեն ցամաքային գործողությունները, ապա Իրանը կկարողանա մուտք գործել Ադրբեջանի տարածք՝ տարածքային ամբողջականության սպառնալիքի անվան տակ: Թեև կարծում եմ, որ այս սցենարը քիչ հավանական է՝ հաշվի առնելով, որ Իսրայելը կոչ արեց իր զինվորականներին լքել Ադրբեջանի ու Վրաստանի տարածքը: Ես կարծում եմ, որ ավելի հավանական են օդային գործողությունները»,- նշեց Հովհաննիսյանը:
Ռազմական փորձագետն ասաց. «Հայաստանը բնականաբար չի կարող չեզոք լինել՝ հաշվի առնելով, որ այստեղ խոսք կարող է գնալ Սյունիքի մասին: Ադրբեջանն անթաքույց ցանկություններ ունի հնարավոր ռազմական գործողությունների դեպքում հարձակվել Հայաստանի վրա: Ստեղծված իրավիճակում Հայաստանն ակտիվ պետք է աշխատի ինչպես Իրանի, այնպես էլ միջազգային հանրության հետ: Շատ կարևոր է, որ Հայաստանը շատ արագ կարգավորի իր ռազմական բալանսը: Տարածաշրջանում հնարավոր ռազմական գործողությունները վստահաբար մեկ տարով չեն սահմանափակվելու, դրանք տարիներ կարող են ձգվել, այս դեպքում ՀՀ-ն պետք է երկարաժամկետ կտրվածքով զարկ տա ռազմաարդյունաբերությանը, քանի որ այն առաջին հերթին զսպող մեխանիզմ է»: