Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր՝ մայիսի 4-ին, Գյումրու Սուրեն Մատնիշյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր էին հայտնաբերվել։ 

Հրդեհը բռնկվել է վաղ առավոտյան։ Ահազանգը Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը ստացել է 08:05-ին։ Դեպքի վայր է մեկնել սկզբում 2, այնուհետ ևս 2 մարտական հաշվարկ։ Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակ»-ը։

Հրդեհի պահին տանը 5 մարդ է եղել։ Նրանցից 3-ը՝ ծնողներն ու 6 տարեկան տղա երեխան դուրս են վազել և փրկվել։ Իսկ 3 և 5 տարեկան երեխաները մնացել են այրվող տան կրակների մեջ։ Աղջիկների մոխրացած դիերը հայտնաբերվել են ննջասենյակում՝ կողք-կողքի՝ իրենց մահճակալների մոտ։

Կայքի տեղեկություններով մահացած երեխաները Գյումրու խնամքի կենտրոններից մեկի սաներ են, և միայն շաբաթ-կիրակի օրերին էին տանը լինում։

Հրդեհված տունը ընտանիքին չի պատկանում։ Բնակության համար այն իրենց էր տրամադրել ՌԴ-ում ապրող ծանոթներից մեկը։

Քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ին տեղեկացրել են, որ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 6-րդ կետերով (Գույքը ոչնչացնելը կամ վնասելը) և 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով /2 դրվագ/ (Սպանություն) նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել