Hraparak.am-ը գրում է․
Չկա թիվ, ոչ վիրավորների թիվ կա, ոչ զոհածների, Դուք չեք պատկերացնում ինչ է այստեղ կատարվում․ ով է հաշվում, ով դրա ժամանակն ունի՝ ոչ մի թիվ այս պահին չկա ճշտված՝ փոփոխվում են։ Վիրավորները մահանում են։ «Հրապարակի» հետ զրույցում տեղեկացրեց Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Նա նշեց, որ բոլորը փորձում են ինչ-որ բան կազմակերպել, օգնել, իսկ կառավարության պատասխանատուն՝ պետնախարարը միաժամանակ յոթ հեռախոսազրույց է վարում՝ իրավիճակի ուղղությամբ աշխատանքներ տանելու համար։
«Դուք չեք պատկերացնում, թե այստեղ ինչ է կատարվում»,- շեշտեց Հակոբյանը։
Արցախցի քաղաքագետ Հովիկ Ավանեսովն էլ փնտրում է իր արյունակից բարեկամին, վերջինս ևս պայթյունի վայրում է եղել, սակայն նրա մասին որևէ տեղեկություն չեն կարողանում գտնել, ասաց, որ խաղաղապահների մոտ 20-22 վիրավոր է եղել, սակայն քանի որ խաղաղապահների մոտ տեղի խնդիր է եղել, վիրավորներից մի քանիսին տեղափոխել են Իվանյանի հիվանդանոց։
Ստեփանակերտի բնակիչներից մեկը, ում անունը չենք հրապարակում՝ անվտանգության նկատառումներից ելնելով, մեզ հետ զրույցում նշեց, որ վիրավորներին պետք է տարհանել Արցախից օդային ճանապարհով։ Նա շեշտեց, որ մարդիկ դեղերի և տևական բժշկական միջամտության կարիք ունեն։
«Շունը տիրոջը չի ճանաչում՝ կատարյալ քաոս է, սարսափ ֆիլմերում այսպիսի բան չեք տեսնի՝ ահավոր է։ Մարդկանց դեղորայք է պետք՝ գիշերը վիրավորների մեջ մահեր ենք ունեցել, սարսափելի վիճակ է։ Բժիշկներ չկան՝ շատ քիչ է բժիշկների թիվը, չեն հասցնում բոլոր վիրավորներին ժամանակին օգնություն ցույց տալ»,-ասաց Ստեփանակերտի բնակիչը։
Կան նաև անհետ կորածներ, որոնց մասին տեղեկատվություն ներառված չէ ոչ զոհվածների, ոչ վիրավորների ցուցակում։
«Այս պահին էլ որոնողական աշխատանքներ տարվում են»,-տեղեկացրեց Ավանեսովը։



