- Մի քանի օր է՝ բողոքի ակցիաներ են իրականացվում, երեկ էլ Նիկոլ Փաշինյանը սպառնաց՝ ասելով, որ կոշտ միջոցներ են կիրառվելու։ Ի՞նչ եք կարծում՝ այս անգամ ընդդիմությանը կհաջողվի՞ պայքարը վերջնարդյունքին հասցնել, թե՞ այս շարժումն էլ կարժանանա նախորդների ճակատագրին։
- Չեմ կարող ասել՝ հաջողելու է, թե ոչ, բայց կարող եմ ասել, որ ամեն ինչ պիտի անենք բոլորս մեր հերթին, որպեսզի հաջողի, որովհետեւ այն կորուստները, որ ունեցանք, ուղղակի չի կարելի․․․ Չգիտեմ` մարդիկ վերջը պետք է զարթնեն ու հասկանան, որ սա միայն Ղարաբաղով չի սահմանափակվելու։ Տարիներ առաջ, երբ մենք ու շատերը զգուշացնում էինք, թե իրենց վարած քաղաքականությունն ուր է բերելու, մեծ մասը չէր հավատում, թերահավատորեն էր վերաբերվում, բայց ամեն անգամ այդ աղետը, մեկ է` լինում է եւ այսպես չի կանգնելու, հաջորդը Սյունիքն է լինելու, Գեղարքունիքն է լինելու, Տավուշն է լինելու, եթե այս իշխանությունների դեմն ուղղակի չառնենք ու իրենց չփոխենք։ Դա իմ համոզմունքն է, իսկ հաջողել-չհաջողելը կախված է մեր վճռականությունից ու նաեւ՝ մարդկանց մասնակցության քանակից։ Դա չափազանց կարեւոր է։
- Թե՛ 2-րդ, թե՛ 3-րդ նախագահներն այստեղ չեն, վերջին անգամ Ազատության հրապարակում են եղել։ Դուք գիտե՞ք պատճառը, թե ինչու նախագահներն անձամբ չեն գալիս ու ղեկավարում շարժումը։
- Գիտեք՝ կարծում եմ, վերջին 5 տարիներին հատկապես շատ է խոսվել, որ ինչ-որ մարդկանց մասնակցությունը վանում է շատերին, չեն ուզում դրա պատճառով գալ։ Այդպիսի խոսակցություններ կան, չէ՞, բացի այդ, կան նաեւ երիտասարդներ, նոր մարդիկ, ովքեր փորձում են կայանալ, ինչ-որ բաներ անել, եւ հարթակը բոլորի համար է բաց։ Այսինքն՝ եթե նրանց ներկայությունը կարող է ինչ-որ մի մասին մտահոգել, գուցե նաեւ դա է պատճառը, որ չեն մասնակցում եւ թողնում են, որ պայքարն ինքն իրենով կայանա, խոչընդոտ չհանդիսանան։
- Երեւանի ավագանու վերջին ընտրություններին ընդդիմության թեկնածուն Անդրանիկ Թեւանյանն էր եւ 16 տոկոս հավաքեց։ Մինչ այդ շատ էր քննարկվում, որ Դուք կարող եք լինել ընդդիմության թեկնածուն։ Ի վերջո, այդպիսի հարց քննարկվե՞լ է, եթե այո, ապա Դո՞ւք եք մերժել։
- Անկեղծ, ես՝ ինքս, ցանկություն չեմ ունեցել, ես երբեք իմ կյանքում պաշտոն չեմ ուզեցել։ Դեռեւս վաղ հասակից, մեծանալով նախագահի ընտանիքում, երբեք ձգտում չեմ ունեցել դեպի պաշտոնը, քաղաքականությունը։ Ուղղակի հանգամանքների բերումով այս ամեն ինչում ենք, որովհետեւ այլընտրանք չկա սրան, պետք է պայքարել, բայց ես պաշտոնի չեմ ձգտում, եւ նույնը եղել է նաեւ քաղաքապետի ընտրությունների դեպքում, եւ ես պարզապես չեմ ուզեցել մտնել այդ ամենի մեջ, այդ պաշտոնն ունենալ։
- Ձեր անձի հետ կապված, կարելի է ասել, երկուստեք ընկալում կա․ օրվա իշխանության համակիրները Ձեզ, մեղմ ասած, չեն սիրում, իսկ իշխանությանը չսիրողները համակրում են Ձեզ։ Հնարավո՞ր է, որ նաեւ այս հանգամանքը հաշվի առնելով՝ Դուք այս շարժման ընթացքում առանցքային դերակատարում ստանձնեք։
- Ես անում եմ այն, ինչով մտածում եմ, որ կարող եմ շարժմանն օգնել, ես չեմ մասնակցում որոշումների կայացմանը, իմ կարծիքն արտահայտում եմ, հրապարակում շատերն են ինձ մոտենում, իրենց մտահոգությունը կամ առաջարկությունները ներկայացնում, որը ես փոխանցում եմ, բայց ես անում եմ այն, ինչով որ կարող եմ օգտակար լինել։ Ավել ինչ-որ ամբիցիաներ, ինչ-որ նպատակներ չունեմ։ Իհարկե, այս երկու օրն էլ, ակտիվացման հետ կապված, ինչ-որ հիմար բաներ են տարածում, թե ես թիկնազոր ունեմ, էս-էն․․․, իրենց այդ նույն սկավառակն են սկսում պտտեցնել։ Ուղղակի նման բան չկա, ինձ ճանաչող մարդիկ գիտեն, որ երբեք ո՛չ թիկնապահ եմ ունեցել, ո՛չ դրա կարիքն եմ ունեցել՝ ներառյալ վերջին 5 տարիները, դրանից առաջ էլ, երբ հայրս նախագահ էր։ Ուղղակի շատ կուզեմ, որ մարդիկ շատ չտրվեն այդ տարատեսակ ստերին։
- Դառնալով ամենակարեւոր հարցին․ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ արցախցիները պետք է մնան ու Ադրբեջանի իշխանության ներքո ապրեն, դա իրենց իշխանության ոչ թե պլան Ա-ն ու Բ-ն է, այլ՝ պլան Գ-ն։ Մյուս կողմից՝ ադրբեջանցիների վարքագիծը հույս չի ներշնչում, որ արցախցիներն այնտեղ կարող են ապրել։ Դուք՝ որպես ծագումով արցախցի, ինչպե՞ս եք պատկերացնում արցախցիների ճակատագիրը։
- Այն, ինչ հիմա կատարվում է, ինչպես Դուք ասացիք՝ որպես արցախցի, որպես հայ, ինձ անասելի ցավ է պատճառում։ Ես այնտեղ եմ ծնվել, իմ հայրական տունն է, տատիս ու պապիս գերեզմանն է այնտեղ, եւ, կարծեմ, հենց գերեզմանոցում էլ մարտեր են ընթացել, հորեղբորս գերեզմանն է այնտեղ, իմ ընկերները, երկու մորաքույրս, որոնց հետ այս ընթացքում հազիվ կարողացանք կապ հաստատել։ Այսինքն՝ սա ինձ համար անձնական ողբերգություն է։ Ինչ վերաբերում է հետագային, ապա կարծում եմ՝ իսկապես պետք է ամեն ինչ անենք, որ Արցախի կորուստը թղթի վրա չֆիքսվի, դա չկայանա, այսինքն՝ ինչ-որ մի հույս, մի տեղ թողնենք, որով հետագայում եթե մենք չհասցնենք, գոնե մեր սերունդները պահանջատիրություն ունենան այդ ամենի նկատմամբ։ Բայց գիտեք` այնտեղ նաեւ մարդիկ են ապրում, փոքր երեխաներ, գրեթե ընտանիք չկա, որը պատերազմի ընթացքում, այս 30 տարվա ընթացքում հարազատ կորցրած չլինի, որն Ադրբեջանից զրկանքներ կրած չլինի։ Ես, անկեղծ, դժվար եմ պատկերացնում, թե այս ամեն ինչից հետո ինչպես պետք է նրանց հետ գոյատեւեն, իհարկե, կուզենայի, որ այնտեղ նաեւ հայկական ներկայություն էլ լիներ։ Թե դա ինչպես հնարավոր կլինի․․․, գուցե եթե իսկապես ունենանք նորմալ իշխանություն, այդ հարցը կարողանա լուծել այնպես, որ այդ հույսը մենք ունենանք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել