Armenpress.am-ը գրում է.

ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ուրախ է, որ Հայաստանը Արցախի դերը՝ որպես բանակցող, որպես Արցախի կարգավորման հարցում անմիջական մասնակից, բարձրացրել է ամենաբարձր մակարդակի, և հիմա Արցախն է որոշում ընդունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սիմոնյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով ՀՀ իշխանություններին ուղղված Արցախից հնչող կոչին՝ կասկածի տակ չդնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

«Մենք որևիցե իրավունք կասկածի տակ չենք դնում: Մենք խոսում ենք իրավունքների իրականացման հնարավորության մասին: Մենք 30 տարի գնացել ենք այն ճանապարհով, որ բոլորիս հայտնի է, խոսել ենք դրա մասին և տեսել ենք, թե ինչ արդյունք ենք ունեցել: Հիմա Արցախի իշխանությունները հնարավորություն ունեն, և կարծում եմ, այդ հնարավորությունը  օգտագործում են, իրենք են զբաղվում իրենց իրավունքներով: Մենք բոլորս կսպասենք, կաջակցենք և կտեսնենք, թե ԼՂ-ի իշխանության արտաքին քաղաքական վեկտորն ինչ փոփոխություններ կապրի և ուր կտանի այդ վեկտորը: Իսկ մենք սատար կկանգնենք»,-ասաց Սիմոնյանը:

ԱԺ նախագահը չգիտի՝ Արցախի արտաքին քաղաքական վեկտորում փոփոխություններ կլինեն, թե ոչ, սակայն ընդգծեց, որ բանակցությունները փոփոխությունների մասին են, նրա մասին է, թե դիրքորոշումներն ինչով կարելի է փոխել:

«Համենայնդեպս ես շատ ուրախ եմ, որ մենք Արցախի դերը՝ որպես բանակցող, որպես Արցախի կարգավորման հարցում անմիջական մասնակից, բարձրացրել ենք ամենաբարձր մակարդակի, և իրենք են որոշում ընդունում»,-նշեց ԱԺ նախագահը:

Անդրադառնալով դիտարկմանը, թե ԼՂ-ի իշխանությունները տեխնիկական հարցեր են քննարկում՝ Սիմոնյանը հարցով պատասխանեց. «Ի՞նչ գիտեք: Հայաստանի Հանրապետությունը պահանջ չի ունեցել և չունի Ադրբեջանի նկատմամբ: Հիմա Արցախի իշխանությունները, Ադրբեջանի իշխանությունները փորձում են խոսակցության ինչ-որ եզրեր գտնել: Հիմա չեմ կարծում, թե առնվազն ես պետք է մտնեմ այդ խոսակցության արանքը և փորձեմ մոդերատորի դեր խաղալ»:

Իսկ միջազգային մեխանիզմի անհրաժեշտությունը հիմնավորեց նրանով, որ մշտապես կա այն վտանգը, որ Ադրբեջանը չի պահի իր պայմանավորվածությունները: Եվ հետևաբար, միանշանակ պետք է միջազգային մեխանիզմ լինի: ԱԺ նախագահը վստահեցնում է՝ Հայաստանը հետամուտ է լինում այդ ուղղությամբ, դրա մասին խոսում են և ԱԳՆ հայտարարությունները, և Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ մեղադրանքները:

 Նա նշեց՝ Հայաստանն իր կարծիքը, դիրքորոշումը ներկայացնում է, բայց որոշումները կայացնում է Արցախի իշխանությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել