Tert.am-ը գրում է․

Երբեք պետք չէ ակնկալել մի դիվանագետից ավելի հայ լինեն, քան մենք ինքներս ենք։ Գլոբալ առումով, ես սա համարում եմ շատ երկարատև մի պրոցեսի արդյունք, որը լատենտ բնույթով Հայաստանում իրականցնում են և դրա արդյունքները մենք հիմա ստանում ենք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը, անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հայտարարություններին։

«Լավրովի շուրթերից հնչածը կարելի է հենց այդպես մեկնաբանել, որ եթե դուք չեք գնահատել Ռուսաստանի դերը, հիմա կգնահատեք նրա բացակայությունը։ Դա նեղվածություն չէ, դա ուղղակի մեսիջ է։ Սա է դժբախտաբար իրականությունը։ Եթե մենք այսօր չենք կարողանում համապարփակ մեր անվտանգային համակարգը նորովի ձևավորել, անում ենք ինչ-որ ամենահեշտն է, քանդում ենք եղածը, մենք ունենալու ենք այս արդյունքները։ Սրա մասին վաղուց ենք խոսել, մենք այսօր ունենք դեֆակտո հստակ անվտանգային բաղադրիչներ, անվտանգության հստակ ծավալ ունենք։ Այդ ծավալը քիչ է, թե՝ շատ, դա այլ խոսք է, բայց դու չէս կարող այդ ծավալը ամբողջությամբ պարպել, առանց որևէ նոր ակնկալիք կամ նոր անվտանգային համակարգ ստեղծելու։ Սա նոր խնդիր է»,–ասաց Ռուստամյանը։

Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով՝ Հայաստանի իշխանությունները անուղղակի կամ ուղղակի կերպով հայտարարում են, թե Ռուսաստանի ներկայությունը սպառնալիք է, դիվանագիտական սխալները կոծկելու կամ էլ ՀԱՊԿ-ի անարդյունավետությունը ցույց տալու համար ՀՀ–ն արգելում է, որ ՀԱՊԿ-ը այստեղ զորավարժություններ անի և դա անհետևանք չի մնալու։

 

«Եվրամիության դիտորդները որ գալիս են՝ վատ չէ, բայց խնդիր է առաջանում, նրանք գալիս են փոխարինելու Ռուսաստանին կամ եղած մեր անվտանգային համակարգը, թե՞ լրացնելու։ Եթե գալիս են լրացնելու՝ բարով գան, անվտանգության առումով պակաս ունենք, բայց եթե գալու են՝ փորձելու այդ ծավալը փոխարինել, այ դա է խնդիրը»,–ասաց նա։

Կրկին անդրադառնալով Լավրովին, պատգամավորն ասաց․ «Ճիշտ է ասում, եթե մենք Հայաստանով մեկ, ամբողջ առաջին դեմքերով ասում ենք՝ ուրիշ լուծում չկա, պիտի Արցախը մնա Ադրբեջանի կազմում, Լավրովից ի՞նչ ենք սպասում։ Լավ է, որ այն մասերը, որ Ադրբեջանի վերահսկողության տակ չեն, չի ասում, որը վաղը մյուս օր պետք է հանձնեք»,- ավելացրեց քաղաքական գործիչը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել