ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը դեկտեմբերի 5-ին հաղորդագրություն տարածեց այն մասին, որ դեռեւս դեկտեմբերի 1-ին ադրբեջանական կողմին են փոխանցվել արցախյան առաջին պատերազմի մասնակից ադրբեջանցի 10 զինծառայողի ոսկորներ եւ 2 քարտեզ, որտեղ, ամենայն հավանականությամբ, 4 դիակի թաղման վայր է նշված:

Պետք է նշել, որ այդ փոխանցման հաջորդ օրը՝ դեկտեմբերի 2-ին, ադրբեջանցի, այսպես կոչված, «բնապահպանները» փակեցին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին եւ պահանջեցին իրենց թույլ տալ՝ մոնիթորինգ անել Արցախի տարածքներում, որ պարզեն, թե մենք ինչքան են օգտվել «ադրբեջանական հարստություններից», որպեսզի հետագայում դիմեն միջազգային դատարան՝ պահանջելով փոխհատուցել իրենց կրած «վնասները»:

30 տարի առաջ զոհվածների դիակների մնացորդները հանձնելու մասին հաղորդագրությունը մի շարք հարցեր եւ տարակուսանք առաջացրեց: Մասնավորապես՝ ո՞ւմ պահանջով կամ ինչի՞ դիմաց են Ադրբեջանին փոխանցվել դիակների մնացորդները եւ այդ երկու քարտեզը, արդյոք երրորդ կո՞ղմ է ներկա եղել այդ փոխանցմանը, որտե՞ղ է տեղի ունեցել փոխանցումը, հայ եւ ադրբեջանցի բանակցողներն ունեցե՞լ են անմիջական շփում, թե՞ ոչ, քարտեզները ո՞ր տեղանքներին են վերաբերում, ու նմանատիպ այլ հարցեր:

«Հրապարակին» ԱԱԾ մամուլի կենտրոնից տեղեկացրին, որ այս թեմայի շուրջ հավելյալ տեղեկատվություն հաղորդել չեն կարող։ «Այն, ինչ հնարավոր էր հրապարակել, հաղորդագրությամբ արդեն ասվել է»,- տվեցին ստանդարտ պատասխան։

Այս թեմայով մենք զրուցել ենք ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի հետ։ Նա ասաց, որ Ադրբեջանի իշխանությունները դեռեւս 1994-ից այդ մարմինները գտնելու թեման միշտ իրենց օրակարգում են պահել:

«1994 թվականից իրենց օրակարգում այդ հարցը կա՝ անհետ կորածներին գտնելու կամ նրանց մասունքները վերադարձնելու թեման միշտ «տաք» են պահել, եւ թեպետ այդ թեման մարդասիրական տերմիններով է ձեւակերպվում, կարծում եմ, որ իրենք մտքում միշտ ունեցել են՝ հարմար առիթի դեպքում դրա վրա քրեական գործեր կառուցելու, հետագայում ռազմական հանցագործություններում մեղադրելու, ինչ-ինչ միջազգային դատեր բացելու նպատակ: Դա իրենց համար քաղաքական զինամթերք է, փամփուշտ է, եթե լինի, կրակեն: Մինչ 2018 թվականը նման բանն անհեռանկարային էր, քանզի հայկական պետությունը լիարժեք ներկայացված էր միջազգային ասպարեզում եւ կարողանում էր հայկական շահը, ինչքանով հնարավոր էր, պաշտպանել ադրբեջանական նմանատիպ իրավական հարձակումներից»,- ասաց ռազմական փորձագետը։
Նա հավելեց, որ Բաքուն փորձելու է այդ թեմաները զարգացնել, դրանց շարունակություն տալ: Վրթանեսյանը շեշտեց, որ եթե Հայաստանն ունենար հայկական շահը պաշտպանող իշխանություն, նրա համար այս զարգացումները մտահոգիչ պետք է լինեին։

Մեր հարցին, թե արդյոք սա բանակցություններում նաեւ հավելյալ ճնշման գործիքակազմ չի՞ ծառայելու մեր թշնամու ձեռքում, Վրթանեսյանն ասաց, որ, իր տպավորությամբ, այսօր բանակցությունները փաստացի հանձնման տեխնիկական դետալների շուրջ են ընթանում։ Բայց դրանից հետո էլ ադրբեջանական կողմը չի կանգնելու եւ նորանոր պահանջներ է առաջ քաշելու՝  տարածքայինից մինչեւ դրամական։ Օրինակ՝ արդեն բարձրացնում են Հայաստանից ֆինանսական բազմամիլիարդ հատուցումներ պահանջելու թեման:

«Եվ այդ բոլոր բարձրացված հարցերը, որ հիմա թվում է, թե զուտ խոսակցություններ են, միանգամից կպարտադրվեն Հայաստանին՝ որպես նոր օրակարգեր»,- նշեց Կարեն Վրթանեսյանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել