Mediahub.am-ը գրում է․

MediaHub-ի տեղեկություններով՝ Պեմզաշենում տեղի ունեցած սպանությունների գործով կալանավորված Վրույր եւ Արկադի Բարսեղյաններից մեկը կալանավայրում ինքնասպանություն գործելու փորձ է արել։ 

Արթիկի կալանավայրում գտնվող երկու ամսով նախնական կալանք ստացած ենթադրյալ հանցագործներից մեկը (հանգամանքներից ելնելով անունը չենք հրապարակում) Արթիկի քերակատարողական հիմնարկի աշխատակցից պարան է խնդրել, ըստ երեւույթին՝ կախման եղանակով ինքնասպանություն գործելու նպատակով։ 

Սպանությունների մեջ մեղադրվող ազգականներ Արկադի եւ Վրույր Բարսեյանները պահվում են քրեակատարողական հիմնարկի տարբեր մենախցերում։ Պեմզաշենի սպանությունների գործը դեռեւս նախաքննության փուլում է։ 

Մեր աղբյուրի հաղորդմամբ՝ քրեական գործի նախաքննության շրջանակում, ուշ երեկոյան, երբ գյուղում մարդկանց շարժը դադարել է, ենթադրյալ հանցագործներին բերել են սպանության վայր՝ դեպքի վայրի նկարագրության համար։ Թեպետ Պեմզաշենում 24 օր առաջ տեղի ունեցած դաժան սպանությունից հետո, այսպես ասած, կրքերը հանդարտվել են, այդուհանդերձ մեծաթիվ ոստիկաններ շարունակում են շուրջօրյա հսկողություն իրականացնել Վրույր եւ Արկադի Բարսեղյանների տների տարածքում։ Ըստ ամենայնի, որպեսզի կանխեն սպանվածների հարազատների կողմից տները այրելու փորձը, ինչն արդեն իսկ արձանագրվել է։ 

Մենք նաեւ տեղեկացանք, որ նախաքննական մարմինը խուզարկություն է իրականացրել Վրույր Բարսեղյանի տանը, որի արդյունքում հայտնաբերվել է խոշոր չափի գումար։ 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում դաժան սպանություն էր տեղի ունեցել։ Սեփական տանը հայտնաբերել էին 31-ամյա Զարինեի եւ նրա երկու անչափահաս երեխաների՝ 12 տարեկան դստեր եւ 8 տարեկան որդու դիերը։ Սպանության կասկածանքով նոյեմբերի 12-ին ձերբակալվեց Շիրակի մարզի 32-ամյա բնակիչ Վրույր Բարսեղյանը, որը ոստիկանությունում տվել է ինքնախոստովանական ցուցմունք։ Հաջորդ օրը ձերբակալվեց նաեւ հանցանքը ենթադրաբար կատարած երկրորդ անձը՝ 36-ամյա Արկադի Բարսեղյանը։ 

Դատարանի որոշմամբ, ենթադրյալ հանցագործները երկու ամսով կալանավորվել են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել