Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը քննարկման ենթակա չէ։

Արցախի հանրային հեռուստատեսության տված հարցազրոյցի ժամանակ հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը․

«Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը քննարկման ենթակա չէ։ Ցանկացած շփման ու հանդիպամ ընթացքում մենք դա շեշտում ենք։ Արցախը Ադրբեջանի կազմում լինելու մասին չենք էլ մտածում, ԱՀ-ն դե ֆակտո կա, ղեկավարվում է Սահմանադրությամբ։ Այլ կարգավիճակում Արցախը պատկերացնել անհնարին է։ Դե ֆակտո անկախությունը չի քննարկվում։ Իհարկե դե յուրե ճանաչման առումով շատ ժամանակ ունենք անցնելու, պայքարելու, տարիներ, տասնամյակներ։ Պայքարը պիտի շարունակել միջազգային հարթակներում, տարբեր երկրների, բարեկամ երկրների, ժողովրդավարությունը հարգող երկրների հետ։

Այդ առումով վիճակը բարդացել է, քանի որ միջազգային խաղացողները, որոնք փորձում են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի հետ կապված իրենց ծառայությունները մատուցել, ստորադասում են արցախյան խնդիրը։ Այդքան էլ նպաստավոր առաջարկություններ չեն ներկայացնում։ Դա չի խանգարում մեզ իրացնելու ՄԱԿ-ի կանոնադրության ազգերի ինքնորոշման նորմը և մեր պայքարը լինելու է դրա շրջանակներում։ Դա զիջելու որևէ ցանկություն չունենք։ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը որևէ կապ չունի տարածքային ամբողջականության նորմի հետ:Մեկ բան հստակ է. Արցախը հայկական պահելու լավագույն բանաձևը Արցախում ապրելով պայքարելն է: Ես ու իմ ընտանիքն ընտրել ենք այդ ուղի»,- ասել է Արցախի Հանրապետության նախագահը։

Հարությունյանն ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը չի կարող խոչընդոտել արցախահայության ինքնորոշման համար պայքարին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել